Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսական հեռուստաեթերներից լուտանքներ են թափում հայկական պետականության հասցեին. Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Խորհրդարանական ընդդիմությունը, քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող քաղաքագետները ռուսական հեռուստաեթերից լուտանքներ են թափում Հայաստանի պետականության հասցեին. այսօր խորհրդարանում հայտարարեց  պատգամավոր Արման Բաբաջանյանը.

«Նրանք առաջնորդվում են դրսից տղա բերելու էժանագին և հակապետական  տրամաբանությամբ։ Սկզբում  վազում են դեսպանատուն, ապա հայտնվում ռուսական եթերում՝ հանդես գալով  իրենց երկրի դեմ ուղղված հայտարարություններով,- ասաց նա,- Սեփական ժողովրդի հետ խոսելու փոխարեն նախընտրում են օտարներին, ցույց տալով, որ չունեն հայրենիքի անգամ չնչին զգացողություն։ Այս իրադարձությունները անցնելու են, սակայն որդեգրած հակապետական գործունեությունը  չի ջնջվելու մեր բոլորի հիշողություններից»։

Արման Բաբաջանյանը հայտարարեց, երբ  Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը եւ ինքն էլ ելույթի համար հերթագրվել էր։ Հանձնաժողովի անդամի ընտրությունում առաջադրվել էր Կամո Սարգսյանի թեկնածությունը։

Ելույթի երկրորդ մասում անդրադառնալով  քննարկվող հարցին՝ Արման Բաբաջանյանը առաջարկեց քննարկել ոչ թե թեկնածուի, այլև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը։

«Հանձնաժողովը միտված է պաշտպանելու հանրային շահերը։ Սակայն այն գտնվում է մի  կողմից հասարակության, մյուս կողմից  մենաշնորհ ունեցող օլիգարխիայիշահերի բախման կետում»,-ասաց նա։

Նա նշեց, որ դժբախտաբար թավշյա հեղափոխությունից հետո այս մարմնի գործունեության մեջ ոչինչ չի փոխվել։ Ըստ նրա՝ դրա ապացույցը իշխող ուժի կողմից հանձնաժողովի նախագահ  Գարեգին Բաղրամյանին ընտրելն էր, որն արդեն 15 տարուց ավելի է այս հանձնաժողովում է։

 Ըստ Բաբաջանյանի նա ոչ մի անգամ չի պաշտպանել հանրային շահը՝ սպասարկելով միայն օլիգարխիայի շահերը։ Վառ օրինակը, նրա բառերով. Բաղրամյանի կողմից առաջարկված գազի գնի բարձրացումն է, որի նպատակը ռուսական շահերի պաշտպանությունն է։

 Անհրաժեշտ է, որ  թեկնածուն ունենա քաղաքացիական և քաղաքական կամք դիմակայելու օտարերկրյա կապիտալի նկրտումներին,- ամփոփեց Արման Բաբաջանյանը։