Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս պահին անցումային փուլ պետք չէ. Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին (տեսանյութ)

Ցանկացած առիթով, երբ մենք փորձում ենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրների թնջուկը բացել և հաղթահարել, ընդդիմությունը որակում է այն որպես հակապետական քայլ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Խմբակցության ղեկավարը հիշեցնում է՝ երբ հարցը դրվում էր հանրաքվեի, նույն որակումներն էին հնչում, և կարծիք կար, թե լավագույն տարբերակը ԱԺ-ում քննարկելը և որոշում կայացնելն է.

«Շատ ուրախ կլինեինք, որպեսզի ընդդիմությունը ներկա գտնվեր նիստին և հնչեցներ իր տեսակետը, որպեսզի բոլորս հասկանայինք՝ այս իրավիճակը հաղթահարելու համար ընդդիմությունը ինչ է մտածում»:

Ինչ վերաբերում է հարցադրմանը, որ Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել, Մակունցն ասում է.

«Վենետիկի հանձնաժողովը, դրական գնահատելով և դրական համարելով այն մոտեցումները, որ անհրաժեշտ են լուծումներ և այն տարբերակով, որը առաջարկվել է, կարծում է, որ պետք է հաշվի առնվեր նաև իրենց այն առաջարկը, որը նախատեսում էր անցումային փուլ և ափսոսում է, որ այդ անցումային փուլի հատվածը չենք ներառել նախագծում»:

Թե ինչու չեն ներառել նախագծում, Մակունցը նախ ասում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում.

«Այնտեղ նաև նշվում է, որ ՀՀ իշխանությունները իրավիճակը գնահատելով պետք է որոշում կայացնեն անցումային փուլի առումով: 2018 թվականից հետո, երբ ՍԴ-ն նախագահ ունեցավ, անցումային փուլը սկսված է և 1.5 տարի անցել է այդ ժամանակահատվածից»:

«Իմ քայլի» գնահատմամբ՝ այս պահին անցումային փուլ պետք չէ:

Ինչ վերաբերում է  ընդդիմադիրների դիտարկումներին, թե այս օրինագծին որևէ կերպ առնչվող պատգամավորները հետագայում իրավական պատասխանատվության են ենթարվելու, Մակունցը արձագանքեց, որ Ազգային ժողովի պատգամավորը իր արտահայտած կարծիքի կամ քվեարկության համար պատասխանատվության չի ենթարկվում: