«Այս օրենքը ընդունելով՝ իզգոյ ենք դառնում, երեւի թե կմղվենք գլոբուսից դուրս». Կարինե Աճեմյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարկաբեկվում է ոչ միայն նախագահի ինստիտուտը, վարկաբեկվում է Սահմանադրական դատարանը, առհասարակ, կորում է ՍԴ ունենալու իմաստը,- ասում է ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխություններին։
Ըստ այդմ՝ կասեցվում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումն իբրեւ ՍԴ նախագահ, նա դառնում է ՍԴ անդամ, իսկ երեք դատավոր պետք է գնան թոշակի, քանի որ լրացել է նրանց պաշտոնավարման 12 տարին։
«Ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ոչ թե օրենքներով, տրամաբանությամբ, այլ պարզապես մեդիահիստերիայով։ Եւ ամեն օր իրենով զբաղեցնում է իր կոնտինգենտին, այս պարագայում փնտրել տրամաբանություն, դժվար է»,- նշեց նա։
Նրա համոզմամբ՝ երազում անգամ չի կարող պատկերացնել, որ որեւէ ուժ ՝ առանց ընդդիմության, կարող է նստել, կոճակները սեղմել:
«Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն բոյկոտել էին երեկվա նիստը։ Ըստ նրա՝ այս ամենն «վկայում է այն մասին, որ սա օրենք չէ, պարզապես մեկ մարդու կապրիզ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում, այդպես են անում»։
«Շատ տարիներ են պետք եղել, որ այս համակարգերի ինստիտուտները կայացվեն եւ մի շտրիխով ոչնչացնել, միայն այս մարդը կարող էր անել։ Ասեմ, որ վեց ու կես տարի լինելով պարլամենտում, հասկանալի է, որ որեւէ օրինաստեղծ գործունեությամբ չի զբաղվել, օրենքի իմաստը չի հասկացել, եւ զբաղվել է այն շանտաժներով, որի մասին բոլորը խոսում են»,- հայտարարեց ՀՀԿ նախկին պատգամավորը։
Կարինե Աճեմյանի կարծիքով՝ այս օրենքը ընդունելով՝ «երկիրը իզգոյ է դառնում»։
«Երեւի թե, մենք կմղվենք գլոբուսից դուրս»,- եզրափակեց նա։