Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

ՍԴ-ից ակնկալում եմ մասնագիտական մոտեցում․ դատախազը՝ Քոչարյանի դիմումի վերաբերյալ (տեսանյութ)

«Իրավունքի չարաշահում է առկա։ Դա այն դեպքն է, երբ որ անձինք օրենքով նախատեսված իրենց իրավունքներն իրացնում են ոչ թե այդ իրավունքի հետապնդած նպատակին հասնելու համար, այլ միգուցե իրենց ունեցած դատավարական շահն ապահովելու համար»,- լրագրողների հետ զրույցում Սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստից հետո ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդություններին։

Ըստ դատախազի` պաշտպանական կողմը փորձում է նիստը ձգձգել, իսկ ինչ վերաբերում բուն դատական պրոցեսին, ասաց․ «Երբ որ մենք կմտնենք դատաքննության, մեկ անգամ էլ եմ ասել, կտեսնենք՝ ինչն է ջուր, և ինչն է ջախջախվում»։ Խոսելով Վերաքննիչ դատարանի որոշման մասին, որով Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ գրավի դիմաց ազատ արձակվեց, նշեց, որ դատարանի որոշումը չեն ստացել, ստանալուց հետո կպատրաստվի բողոքը և կներկայացվի Վճռաբեկ դատարան։ 

Լրագրողի հարցին՝ այնուամենայնիվ դատաքննության փուլին այս գործը կհասնի՞ և դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանում հուլիսի 7-ին նիստ է նշանակված կապված Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հետ, և եթե  ՍԴ-ն քննի ու բավարարի դիմումը, և ստացվում է, որ բոլոր մեղադրյալների մեղադրանքները դուրս են գալիս, Բաղդասարյանը պատասխանեց, որ ՍԴ-ն այդպիսի դիրքորոշում  հայտնելու հիմքեր չունի։

«Դրանց մի մասն արդեն ներկայացրել ենք նախկինում դատական նիստերի ժամանակ, երբ որ պաշտպաններն իրենց կողմից ներկայացրած միջնորդությունները ներկայացրել են նաև այս դատարանում։ Սահմանադրական դատարանն այդպիսի հիմքեր չի ստացել նաև Եվրոպական դատարանից և Վենետիկի հանձնաժողովից ակնկալած և ստացած խորհրդատվական կարծիքների մեջ, որոնցում որևէ դրույթ չկա այն մասին, որ մեղսագրվող հանցագործությունը սահմանող դրույթներն իրավական որոշակիություն չունեն»,- ընդգծեց դատախազը։   

Լրագրողի հարցին՝ իրավակա՞ն առումով է քննելու ՍԴ-ն, թե՞ ավելի շատ քաղաքական պրոցեսներ կան, Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց․ «Ես քաղաքականության հետ որևէ առնչություն չունեմ, այդպիսի գնահատական տալ չեմ կարող։ Սահմանադրական դատարանից որպես իրավաբան ակնկալում եմ մասնագիտական մոտեցում»։ 

Մանրամասները՝ տեսանյութում