Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կուսակցությունները հաղորդում ներկայացրին՝ սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման դեպքերով (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն` իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ 

Դատախազության առջև լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդման մասին մանրամասներ  հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Խոսքը վերաբերում է շուրջ 2 տարի սկսված իշխանության կողմից ՍԴ լիազորությունների յուրացմանն ու այս ընթացքում իրականացման ամբողջ ընթացքին»,- նշեց Բաբայանը։ 

Բաբայանի խոսքով՝ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով  Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ, մատնանշեց նաև ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագիծը, ՍԴ նախագահին և նրա շրջապատին առնչվող  քրեական գործերը, ոստիկանության կողմից ՍԴ վրա ճնշումները։

Բաբայանը պնդում է՝  այս ամենին եկան ու գումարվեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը և այս օրերի իրադարձությունները։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծեց, որ ապավինում են ՀՀ դատախազության ողջախոհությանը, քանի որ իրենց ներկայացրած փաստերը հիմնավոր են և անբեկանելի։

ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն իր հերթին նշեց, որ անցնող ժամանաակահատվածում քաղաքական գնահատական տրվել է, բայց դրանք ունեն նաև իրավական արժեք, ուստի երեք դրվագով է իրենց ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը` իշխանության զավթում, լիազորությունների խախտում և սահմանադրական կարգի տապալումը։