Ծառուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց. դատավորին ժամանակ էր պետք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ դատարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 7-ը։ Սա այն գործն է, որն առնչվում է ընտրակաշառքին։
Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց նիստի հետաձգման պատճառը. վերաքննիչ բողոքի նյութերի մի մասը փոստի միջոցով էր ուղարկվել։ Դատարանին ժամանակ էր պետք, որ ծանոթանար ։
Բողոքներ են ներկայացրել ինչպես Ծառուկյանի պաշտպաններն, այնպես էլ դատախազությունը։ Վերջինիս բողոքը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասով է. դատարանը չէր բավարարել ԱԱԾ միջնորդությունը՝ նրան կալանավորելու վերաբերյալ։
Ծառուկյանի պաշտպանների բողոքը վերաբերում է մեղադրանքին. «Դատարանի որոշման մեջ, որևէ փաստարկ չկա, որ Գագիկ Ծառուկյանը ինչ-որ մեկին կաշառք է տվել։ Այն անձը, որի ցուցմունքը հաստատվել էր դատարանի կողմից փաստարկ, մեր պնդմամբ մինչև կալանավորման միջնորդության քննարկումը կատարվեց առերեսում, որտեղ ևս մեկ անգամ հաստատվեց, որ Ծառուկյանը որևէ մեկին կաշառք չի տվել, և նույնիսկ այլ անձի միջոցով չի առաջարկել»։
Ըստ նրա՝ այդ անձը, առերեսման ընթացքում նշել է, որ Ծառուկյանը ասել է իրեն ընտրությունների հետ կապված անհրաժեշտ ծախսերի համար դիմի կուսակցության կենտրոնական գրասենյակ.
«Բոլորս էլ գիտենք, որ բոլոր ընտրություններում էլ կատարվում են ընթացիկ ծախսեր։ Դրա համար կան ֆոնդեր, և կենտրոնական գրասենյակ, և նրանց կատարած աշխատանքը պետք չէ կապել Ծառուկյանի հետ»։
Գագիկ Ծառուկյանը դատական նիստին չի ներկայացել, քանի որ, հիշեցնենք, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։
Մանրամասները՝ տեսանյութում