Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աշոտ Մելիքյան
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ֆեյք բրիգադների գործողությունները պետք է արգելել. Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Խոսքի ազատության տեսանկյունից  Հայաստանում վիճակը բարվոք է։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը վստահեցնում է՝  «իսկապես իշխանությունները չեն ձգտում վերահսկել լրատվամիջոցներին ինչպես արվում էր նախորդ տասնամյակների ընթացքում»։

Բայց  նա չի հայտարարում, որ լրատվամիջոցներն ազատ են։

«Մենք չենք կարող ասել, որ ԶԼՄ-ներն ազատ են՝ այն պարզ պատճառով, որ ստիպված են լինում իրենց քաղաքական հովանավորների շահերը պաշտպանել, իսկ հանրային շահը մղվում է ետին պլան»,-ասում է նա՝ ներկայացնելով  լրագրողների  իրավունքների խախտումների մասին հերթական  զեկույցը։

Այս տարվա երկրորդ եռամսյակում գրանցվել է լրագրողի հանդեպ ֆիզիկական բռնության երկու դեպք, որրոնց ժամանակ տուժել է առնվազն 6 լրագրող։

 Դրանք տեղի են ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  կազմակերպած ակցիաների ժամանակ, երբ առաջ է քաշվել կառավարության հրաժարականի պահանջը։ 

«Բոլոր քաղաքական ակցիաների ժամանակ  իրականացվող ոստիկանական գործողությունների թիրախում հայտնվում է նաև լրագրողը. դա ոստիկանության գործելաոճն է»- ասում է Աշոտ Մելիքյանը։

ԽԱՊԿ նախագահի ենթադրությամբ՝  այդ արվում է՝   ուժային գործողությունները հնարավորինս քիչ լուսաբանելու  նպատակով ։

Վիճակագրության համաձայն՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով դեպքերը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել են գրեթե երկու անգամ։

Միջազգային կազմակերպությունների  զեկույցներում  եւս նշվում է, որ Հայաստանում  տագնապալի է դատական հայցերի առատությունը։ 

«Եթե մեր դատական համակարգը կայացած լիներ որպես իշխանության ինքնուրույն երրորդ թև, ապա լրատվամիջողների վրա դատարանի միջոցով անտեղի ճնշում գործադրողները յուրաքանչյուր քննադատություն չէին վերածի վիրավորանքի»,-ասում է Աշոտ Մելիքյանը։

Դիտարկվող ժամանակահատվածում սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում շարունակվել է լայնորեն կիրառվել թե ատելության խոսքը, թե ապատեղեկատվությունն ու տարատեսակ մանիպուլյացիաները՝ ներքին ու արտաքին քաղաքական, ինչպես նաև՝ կորոնավիրուսային համավարակին առնչվող թեմաներով։

Աշոտ Մելիքյանը կարծում է, որ «քաղաքական ուժերի վերնախավի կողմից սնուցվող ֆեյք բրիգադների» գործողությունները պետք է արգելել,  և դա ավելի էֆֆեկտիվ կլինի, քան օրենքի փոփոխությունն ու խստացումը։

Սակայն կարծես ոչ մի քաղաքական կողմ չի պատրաստվում դա անել և ապագայում իրավիճակը չի հանդարտվի ոչ սոցիալական մեդիայում, ոչ ԶԼՄ- ներում։