Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Թուրքիան ԱԹՍ և Սիրիայում ու Լիբիայում փորձ ձեռք բերած վարձկաններ է ուղարկում Ադրբեջան․Արա Պապյան (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանին կատարված հարձակումներից հետո Թուրքիան Բայրաքդար անօդաչու թռչող սարքեր է մատակարարել այդ երկրին։ «Լուրեր կան նաեւ, որ Թուրքիան Սիրիայում ու Լիբիայում փորձ ձեռք բերած վարձկաններ էլ է ուղարկելու Ադրբեջան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
 
Ա․Պապյանի ներկայացմամբ Թուրքիան Սիրիայում մի մարտավարություն է կիրառել, որը լավ է դրսևորվել՝ ոչ թե մեկ-երկու ԱԹՍ է օդ բարձրացրել, այլև մի քանի տասնյակ թռչող սարքեր։ Եվ որքան էլ փորձես դրանք ոչնչացնել, մի քանիսը կմնան ու կկատարեն իրենց խնդիրը։ «Վարձկաններ կտեղափոխվեն ամսական 2000-3000 դոլար վճարով, որը Թուրքիան պետք է վճարի։ Առաջիկայում մինչև 6 ամիս ժամանակահատվածում դա տեղի կունենա, 6 ամսով է կնքվում վարձկանների հետ պայմանագիրը»,- հավելում է Ա․Պապյանը։ 
 
Հարցին, թե ինչպես պետք է դրան արձագանքեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներն ու հատկապես Ռուսաստանը, Ա․Պապյանը պատասխանեց, թե դա պայմանավորված է այն հանգամանքով, թե Թուրքիան դրա դիմաց տարածաշրջանում ինչ կառաջարկի ՌԴ-ին։ Նրա խոսքերով՝ ՌԴ-ի շահերից չի բխում, որ Թուրքիան մեծ ներկայություն ունենա այս տարածաշրջանում։ Եթե Թուրքիան ազդեցությունն ավելացնում է, դա նշանակում է ՌԴ-ն է կորցնում։
 
Ա․Պապյանը նաև գտնում է, որ Տավուշի սահմանին տեղի ունեցած բախումից ամենաշատը օգտվեց ՌԴ-ն՝ վերականգնվեց ադրբեջանական նավթի արտահանումը Նովոռոսիյսկով, ինչը դադարեցված էր հունվարից։ 
 
«ՌԴ-ն ու Թուրքիան նստեն ու պայմանավորվեն հետևյալի շուրջ՝ եթե Թուրքիան շարունակում է մնալ Մինսկի խմբի անդամ երկիր, հետևաբար չի  կարող ոտնահարել իր միջնորդի կարգավիճակը, պիտի չեզոքություն պահպանի։ Եթե ոտնահարում է, կամ պետք է կամավոր դուրս գա այդ խմբից, կամ ՌԴ-ն ասի՝ այդ պարագայում ես էլ պիտի իմ դաշնակցին պաշտպանեմ»,- ասում է քաղաքագետը։
 
Վերջինս մտահոգություն հայտնեց, որ ՌԴ-ն կփորձի այս հակամարտություն օգտագործել և նոր ռազմական ներկայություն ապահովել արդեն Տավուշում։
 
Ա․Պապյանն անդրադարձավ նաև ՌԴ որոշ շրջանակների կողմից ՀՀ նկատմամբ եղած պահանջներին, թե ինչու մեր երկիրը Ղրիմը չի ճանաչում ՌԴ մաս։ «Եթե դուք ուզում եք, որ մենք Ղրիմը ճանաչենք ՌԴ մաս, դուք էլ Արցախը ճանաչեք ՀՀ մաս»,- հակադարձեց քաղաքագետը։