Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Էս երկրին գյուղացի պետք չի․․․գնանք տուն»․ գյուղացիները Կառավարութան մոտ էին (տեսանյութ)

Կասյան փողոցի եւ Կոմիտասի պողոտայի հատման հատվածում ամեն շաբաթ և  կիրակի բացվող գյուղմթերքի շուկայի առևտրականներն այսօր Կառավարութան մոտ, այնուհետև հարակից այգում  բողոքի ակցիա էին իրականացնում։

Խնդրն այն է, որ նրանք ցանկանում են շարունակել շուկայում վաճառել իրենց ապրանքը, սակայն շուկան վերաբացել նրանց չեն թույլատրում․

«Արդեն հունվարից Արաբկիրի թաղապետն ասել է, որ այդ տարածքը չի տրամադրվելու տոնավաճառին, որից օգտվում էին մոտ 700 գյուղացի վաճառողներ: Որպես պատճառաբանություն բերում են, որ այստեղ խցանումներ են լինում, տարածքը աղտոտվում է, հարակից խանութներում առեւտուրը նվազում է»,-նշեց գյուղացիներից մեկը հավելելով, որ բերված պատճառաբանությունները իրենք հիմնավոր չեն համարում։

Գյուղացիներին Կասյանից բացի այլ տեղերում ևս նախկինում հատկացվել են տարածքներ, սակայն ինչպես իրենք են պնդում, այնտեղ աշխատել հնարավոր չի եղել, այսօր էլ ասում են՝ թող նոր շուկա սարքեն, հետո միայն եղածը քանդեն։

Ասում են՝ արդեն ունեն իրենց մշտական հաճախորդները, ովքեր վստահում են գյուղացուն և այսօր նրանք էլ պահանջում են, որ շուկան կրկին գործի։

Կառավարությունից ասել են՝ մեկ-երկու օրվա ընթացքում կարձագանքեն իրենց խնդրին, գյուղացիները կասկածներ ունեին, որ Կառավարությունում մինչ այս  տեղյակ չեն եղել իրենց խնդիրների մասին։

 Հետագա անելիքների մասին խոսելիս՝ առևտրականներն ասացին՝ պատրաստվում են վաղը կամ առավելագույնը մյուս շաբաթ հավաքել գյուղմթերքը և գալ շուկա՝ չնայելով ո՛չ արգելքներին, ո՛չ տուգանքներին․

«Մենք մեր ապրանքը կդնենք այնտեղ, թող վերավաճառողները գան, տանեն։ Մեծածախի դեպքում մանր լոլիկինա, օրինակ՝ արժեք չեն տալիս, իսկ մանրածախի դեպքում քաղաքացիները իրար հերթ չեն տալիս»,-նշեց առևտրականներից մեկը։

Նրանք դժգոհում էին, թե սեփական երկրում մի փոքր տարածք չեն հատկացնում իրենց ապրանքը իրացնելու համար․

«Ռուսաստանում գյուղացին տեղ ունի, Հայաստանում՝ ոչ։ Հայաստանում գյուղացու բոլոր իրավունքները ոտնահարված են, ոչ մի օգնություն չկա»։

Գյուղացիները դժգոհ էին նաև մեր երկրում վարվող գյուղատնտեսական քաղաքականությունից, ասացին՝ եթե այսպես շարունակվի հող չեն մշակի, երկիրն էլ կլքեն։

«էս երկրին գյուղացի պետք չի․․․գնանք տուն»։