Բացել լրահոսը Փակել լրահոսը
wqM2yMgSbBm1JGJj
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ինձ արդարացնեն, կստացվի՝ «Սասնա ծռեր»-ում նույնպես ապօրինություններ կան․Անդրեաս Ղուկասյան (տեսանյութ)

Անդրեաս Ղուկասյանի դեմ քրեական հետապնդումը չի դադարեցվել։

Նա ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ՊՊԾ  գնդի գրավման օրերին զանգվածային անկարգություններ հրահրելու համար․ «Ներկայացվել է մեղադրանք, որ մտադրություն ունեի միանալ «Սասնա ծռեր» խմբին և այդ նպատակիս հասնելու համար քաղաքացիներին ուղորդել եմ ՊՊԾ գունդ։ Պիտի ճեղքեին ոստիկանների պատնեշը, որպեսզի ես մտնեմ գնդի տարածք»։

Ղուկասյանի խոսքով, եթե  իր  նախկին պաշտպանների ասածներով շարժվեր՝ մինչև հիմա բանտում կլիներ․ «Իմ պաշտպանները առաջարկում էին ոչինչ չասել, ցուցմունքներ չտալ, մնալ քաղբանտարկյալի ստատուսում։ Վերջերս իմացա, որ երկու պաշտպաններս էլ աջակցում են նախկին ոստիկանապետին։ Եթե իրենց ասածով շարժվեի, մինչև հիմա երևի կլինեի բանտում»։

Ղուկասյանը շինծու է համարում իրեն առաջադրած մեղադրանքը։ Ասում է գործի նյութերի բոլոր ապացույցներն ունի, սակայն իրեն պաշտպանվելու հնարավորություն ուղղակի չի տրվում․ «Սկզբում երեք հոգու են մեղադրանք ներկայացրել՝ ինձ, Դավիթ Սանասարյանին և Մարտիրոսյան Արմենին։ Սակայն նրանց մասով ոչ արժանահավատ ցուցմունքների ու ոչ բավարար ապացույցների հիման վրա քրեական գործերը փակված են։ Սակայն նույն վկաների ցուցմունքները արժանահավատ են իմ դեպքում»։

Որպես տուժող դատախազության ու քնչական մարմնի կողմից ճանաչվել է 38 անձ՝ գլխավորապես ոստիկաններ, որոնցից 8-ը եղել են ՊՊԾ գնդում։ Նրա խոսքով երկու վկաների ցուցմունքները արժանահավատ համարել չի կարելի, քանզի երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ, հաշվառված են, մեկը ռազմական ոստիկանության գնդապետի եղբայր է․ «Դատախազության դիրքորոշումից երևում է, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել։ Լրատվականների՝ այդ թվում «Ա1+»-ի լրագրողների ցուցմունքներն ու տեսանյութերը ապացուցում են, որ ինձ առաջադրված մեղադրանքները ամենևին իրականությանը չեն համապատասխանում»։

Նրա ներկայիս պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ դատարանի նման գործելաոճը համարում է միտումնավոր․ «Սկսել են ձգձգման պրոցես, այնքան ձգձգեցին մինչև ներկայիս դատավորը թոշակի գնա, ուրիշը գա ու այս ամբողջ պրոցեսը նորից սկսվի։ Երեք տարվա ընթացքում մեղադրող կողմը գնաց արձակուրդ, ուրիշը եկավ, սա էլ նիստերին չներկայացավ»։

Ղուկասյանը համոզված է՝ ուզեն թե չուզեն, ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ներկայիս իշխանությունների վրա․ «Եթե ինձ արդարացնեն, կստացվի, որ «Սասնա ծռեր»-ի գործում նույնպես ապօրինություններ կան։ Մասնավորապես դատախազությունը որդեգրել է իր բռնած ուղուց չշեղվելու քաղաքականությունը։ Հակառակ դեպքում կարտացոլվի իր ամբողջ գործունեության շինծույությունը»։