Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու․Կառավարության նիստում վարչապետը բարկացավ (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  մտահոգություն հայտնեց, որ  Կառավարություն ներկայացված՝ արտակարգ իրավիճակին առնչվող  օրենքների փաթեթը ՄԻՊ-ին ուղարկվել է ընդամենը մեկ օր առաջ, և իրենց  գրասենյակն ընդամենը մեկ օր է ունեցել առաջարկներ ներկայացնելու համար:

Այնուամենայնիվ Արման Թաթոյանը նախագիծը սպասված համարեց և ընդգծեց, որ արտակարգ դրության ողջ ընթացքում խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց համար, այլեւ պետական մարմիններն են խնդրի առջեւ կանգնում եւ դառնում են այդ կարգավորումների իրավական զոհը: 

Մարդու իրավունքների պաշտպանի հայտնած մտահոգությանը, թե նախագիծը ուշ է ուղարկվել,  անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. 

«Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու, երբ կառավարության նիստում հնչում է, որ նախագիծը չի ուղարկվել կարծիքի, երեկ իրիկունն է ուղարկվել կարծիքի: Սա ինչքա՞ն է շարունակվելու»:

Ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Վարչապետի աշխատակազմը կարծիքի ուղարկելու եւ շրջանառելու գործառույթ չունի: Նախարարությունը, այն գերատեսչությունը, որ նախաձեռնում է տվյալ նախագիծը, պարտավոր է ուղարկել եւ շրջանառել, մինչեւ վարչապետի աշխատակազմ ուղարկելը: Այնուամենայնիվ, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարական կոմիտեի օրակարգը ուղարկվում է բոլորին, բաց է, եւ այդ տեղեկատվությունը հասանելի է բոլոր գերատեսչություններին»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հերթին նշեց, որ չի ուղարկվել կարծիքի, որովհետեւ մինչեւ վերջին պահը պարզ չի եղել, որ իրենց նախարարությունը պետք է զեկուցող լինի. «Նախագծի վրա հրատապ ռեժիմով աշխատել ենք առողջապահության նախարարության հետ, վերջում միայն իմացել ենք, որ այս հարցով զեկուցող ենք լինելու»:

Հրատապ ռեժիմի ձևակերպմանն ի պատասխան՝ վարչապետը նկատեց․

«Հունիսից մինչեւ այսօր աշխատել եք հրատապ ռեժիմո՞վ: Կգնաք, կքննարկեք, մինչեւ ստորագրման բերելը: Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, բոլոր առաջարկները քննարկվել են, ստորագրման չբերեք»: