Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որոշումը բողոքարկելու ենք, դատարանը չի ծանոթացել գործի նյութերին․Գագիկ Խաչատրյանի փաստաբան (տեսանյութ)

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը չփոփոխելու դատարանի որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ ակնհայտ է,  որ դատարանը գործի նյութերին ամբողջապես ծանոթ չէր, քանի որ որևէ առարկայական հակափաստարկ չկար խափանման միջոցը չփոխելու համար։

«Երեկվանից փորձում էի վերլուծել երեկվա դատական նիստը` հասկանալով, թե արդյոք հնարավո՞ր է արդար դատական ակտ կայացվի, ակնհայտ էր, որ ոչ»,- ասաց պաշտպանը։

Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ իրավական առումով, միանշանակ, իր պաշտպանյալի խափանման միջոցը պետք է փոխվեր. 

«Հիմա դատավորը ինչպե՞ս է որոշելու՝ հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։ Միակ եղանակը պետք է լիներ գործի նյութերին ծանոթ լինելը»։

Սարգսյանի խոսքով՝ դատարանը կողմերից որևէ մեկին հարց չտվեց հանգամանքներ պարզելու համար, ինչից պաշտպանը ենթադրում է

«Անկհայտ էր, որ սա որոշված էր։ Անկախ գործի բնույթից, հանգամանքներից, թե ինչ է քննարկվելու, ով ինչ է ասելու, նպատակը ձեւական պրոցես անցկացնելն էր, որից հետո դատարանն այդ որոշումը պատրաստ պետք է հրապարակեր»։

Լրագրողի դիտարկմանը, թե այն փաստը, որ Գագիկ Խաչատրյանի որդիները, նաև եղբորոդին հետախուզման մեջ են, չի՞ կարող հիմք հադիասանալ, որ դատարան ենթադրի, թե Խաչատրյանը ևս կթաքնվի քննությունից, Սարգսյանն արձագանքեց՝ միանշանակ ոչ

«Երբ նախաքննական մարմինները դատարաններում նման հանգամանք են բարձրաձայնում, դատարանները նույնիսկ թույլ չեն տալիս, որ մենք հակադարձենք, միանգամից իրենք են ասում՝ արդյո՞ք դուք գտնում եք, որ այլ անձանց  վարքագիծը պետք է դիտարկել կոնկրետ անձի հնարավոր վարքագիծ»։

Սարգսյանը պնդեց՝ իր պաշտպանյալին կալանավորելու հիմքերն ի սկզբանե իրավական չեն եղել․

«Երբ պետությունը բժշկական կոնսիլիում էր արել, և եզրակացությունը պատրաստ էր, որի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը ունի ողնաշարի ստենոզի վիրահատական բուժման կարիք, որը միայն արտերկրում կարող է կատարվել, այդ կոնսիլիումի եզրակացությունը հուլիսից մեզ չէին տրամադրում, իսկ մենք գրավոր պահանջում էինք, երբ արդեն այլև հնարավորություն չունեին ձգձգելու, քրեական գործը ՀՔԾ-ից տեղափոխեցին ԱԱԾ և անմիջապես ձերբակալեցին։ Ձերբակալումից մի քանի օր հետո կոնսիլիումի եզրակացությունը տրամադրեցին»։

Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։