Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T016144
A A
Պաշտոնական

Արթուր Մկրտչյանին եւ Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհվեց (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ «Արցախի հերոս» պետական բարձրագույն կոչում է շնորհել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և 2016թ. ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս բացառիկ քաջություն ու արիություն ցուցաբերած կապիտան Արմենակ Ուրֆանյանին:

Օգոստոսի 29-ին Ստեփանակերտում տեղի է ունեցած պարգրատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահը հերոսների հարազատներին է հանձնել  «Ոսկե արծիվ» շքանշանը:

Պետական բարձր պարգևներով պարգևատրվել են նաև Արցախյան պատերազմի ժամանակ կապի համակարգի արդիականացման, զինծառայողների անվտանգ ծառայության կազմակերպման գործում ավանդ ունեցած Վահրամ Թամրազյանը ու  Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում բացառիկ քաջություն և արիություն ցուցաբերած սփյուռքահայ ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանը:

          Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին գալիք պետական տոնի և պարգևներ ստանալու կապակցությամբ ու նշել, որ պատահական չէ, որ նրանք պարգևատրվում են Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ, քանի որ Հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները բացառիկ են և արժանի բարձր գնահատանքի: Երկրի ղեկավարը նաև այս պարգևատրումը խորհրդանշական է համարել այն իմաստով, որ այն իր մեջ յուրահատուկ կերպով ամփոփում է Հայաստան –Արցախ – Սփյուռք ամուր կապը: «Մենք հաղթել ենք մեր միասնականության շնորհիվ»,-ընդգծել է նախագահը:

          Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորել է պարգևատրվածներին ու նշել, որ ապագան ճիշտ կառուցելու համար պետք է միշտ հիշել ու գնահատել անցյալը: Նա նաև խորհդանշական համարել այն փաստը, որ նույն օրը պարգևներ են ստանում արցախյան ազատամարտի տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝  որպես անցյալում ու ներկայում իրենց ծառայությունների և ներդրած ավանդի արժևորում ու գնահատում:

Պարգևատրման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձինք: