Ավագանու անդամները քաղաքապետի տեղակալ ընտրեցին՝ առանց Հայկ Մարությանի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետը կունենա նոր տեղակալ։ Ավագանու նիստում այսօր քննարկվում էր այդ հարցը։
47 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ Սերգեյ Ներսիսյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալի պաշտոնում։
Նա փոխարինելու է նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, ղեկավարելու է Երևան համայնքին առնչվող ֆինանսական բլոկը։
«Ինձ համար կարևորագույն խնդիրը ներդրումային ծրագրերի, ներդրողների ներգրավումն է մեր Երևան համայնքի կառավարման համար»,- ելույթի ժամանակ նշեց Սերգեյ Ներսիսյանը։
Ավագանու նիստը վարում էր Հայկ Մարությանի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետը առողջական խնդիրների պատճառով բացակայում էր։ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ Սերգեյ Ներսիսյանն ունի քննադատական մտածողություն և իր անցած ճանապարհը արդյունվետ աշխատանքի է ակնկալում։
Սերգեյ Ներսիսյանը փորձ ունի նաև Ազգային ժողովում, նա եղել է պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը։
Ի դեպ, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մինչև քվեարկությունը այսպես ողջունեց Սերգեյ Ներսիսյանին․ «Ձեր մուտքը այնքան էլ հաջող չեղավ, քննարկումների բազում առիթներ դարձան, տարբեր թեկնածուների հետ մենամարտում, բայց կարծում եմ նախնական եռանդը չի պակասել, էլ ավելի կշատանա ընտրվելուց հետո»։
Անի Խաչատրյանը նորանշանակ փոխքաղաքապետին վստահեցրեց, որ շատ ակտիվ ընթացք է սպասվում․ «Շատ տեսարանների եք ականատես լինելու՝ Գոռ Վարդանյանի ֆիլմերից մինչև Դիանա Գրիգորյանի սերիալներ»։
Նա նշեց, որ նախկին փոխքաղաքապետները՝ Հայկ Սարգսյանն ու Վահե Նիկոյանը իրենց գործում մասնագետ էին և իրենց կատարած աշխատանքը պետք է մարտահրավեր լինի։ «Բոլորիս հույսը Ձեր հաստիքի վրա է, ամենապատասխանատու բլոկն է Ձերը»,֊-նշեց Անի Խաչատրյանը։ Նա նաև հորդորեց Սերգեյ Ներսիսյանին ակտիվ լինել սոցիալական ցանցերում, քանի որ ժողովուրդը շատ ասելիք է ունենալու։