Բացել լրահոսը Փակել լրահոսը
img_8392
A A
Մարզեր Հասարակություն

«Գմփոցներ չլինեն, ու մարդիկ պադվալ չմտնեն». Բերդի երեխաների երազանքներն ու առօրյան. լուսանկարներ

Սահմանամերձ Բերդի փոքրիկ բնակիչները, աշխարհի յուրաքանչյուր երեխայի նման, ցանկություններ ու երազանքներ ունեն: Վեցամյա Անգելինա Մանուկյանը, լսելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդ է գալու, փոքր եղբոր՝ Տարոնի ձեռքը բռնել ու եկել է հրապարակ:

«Արմատներով Գորիսից եմ, բայց Արտաշատում ենք ապրում: Հիմա այստեղ ենք, որովհետև պապաս Բերդում է ծառայում»,- տեղեկացնում է Անգելինան ու հարցնում: - «Կարողա իմանաք՝ Նիկոլ Փաշինյանը երբա գալու: Իմ երազանքը Նիկոլ Փաշինյանին տեսնելնա: Ես իրան շատ եմ սիրում: Տարոնն էլա ուզում տեսնի, որ վարչապետն իրեն մի մեծ բեռնատար մեքենա տա»: Խաղալիք մեքենա, ճշտում է Անգելինան ու շտապում է ևս մեկ ցանկության մասին մեզ տեղյակ պահել: Հաստատ որոշել է, որ  դերասանուհի է դառնալու:

Բերդը տասնամյա Ռուբեն Մելիքյանի հարազատ ծննդավայրն է: Ասում է. «Բերդի կյանքն ուրիշա: Գյուղի կյանքը քաղաքից լավնա: Ուղղակի էստեղ կրակոցները շատ են լինում: Ճիշտա՝ մի քիչ վախովա ապրում ժողովուրդը, բայց բնությունը, բերքը, գյուղի կյանքը մեկա ուրիշա: Երևանում մեկ ամսից ավել չեմ կարողանում մնալ: Էստեղ եմ  ծնվել, էստեղ եմ սովոր»:

Երազանքը մեկն է, որ այստեղ «գմփոցներ չլինեն, ու մարդիկ պադվալ չմտնեն»: Բիզնեսմեն է ուզում դառնալ: Ծննդավայրին էլ օգուտ կտա, ինքն էլ լավ կապրի: «Բայց դե մինչև բիզնեսմեն դառնալը պետք է ծառայեմ: Կամ կմեռնեմ, կամ կապրեմ»: Մեր շփոթված հարցին, թե որտեղից են նման մտքերը, տասնամյա մանչուկը պատասխանում է. «Դե որ զինվոր ես, ամեն ինչ էլ կպատահի»:

Տասնվեց տարեկան Նարեկ Թումանյանն արդեն ընտրել է մասնագիտությունը: Ճարտարապետ է դառնալու: Երևան է գալու, սովորի, հետո էլ գործի բերումով երևի մայրաքաղաքում կմնա: «Չնայած Բերդն իմ հարազատ քաղաքն է, բայց Երևանում հնարավորություններն ավելի շատ են»,- ասում է Նարեկը: Ցանկությունն է, որ Բերդը լիներ թեկուզ փոքր, բայց գեղեցիկ քաղաք: Եթե կարողանար, հին, քանդված շինությունները, որ չեն օգտագործվում, կհեռացներ ու տեղը գեղեցիկ ու հարմարավետ տներ կկառուցեր, որ իր ծննդավայրն ավելի քաղաքակիրթ դառնար: Տներ կկառուցեր, բայց ծառերին ձեռք չէր տա: «Օրինակ, անցյալ տարի գլխավոր փողոցում ծառահատում եղավ,- ասում է Նարեկը: -Հա, շինարարությունը՝ շինարարություն, բայց քաղաքը բնությունից չեն զրկի»: