Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Կորոնավիրուսի   քաղցր  ազդեցությունը կամ խոհանոցից արդեն Մանեն  է դուրս հանում  

Բարեւ Ձեզ, այո, Մանեն է,-   ԵՊՀ լրագրության ֆակուլտետի 20-ամյա ուսանողուհու հեռախոսահամարին եկող զանգերը միայն  հերթական ռեպորտաժի համար չեն։

Արդեն մի քանի ամիս է՝  Մանեն գիշերները չի քնում՝  հերթական ստեղծագործությունը  ներկայացնելու համար, բայց այն հոդվածի կամ ռեպորտաժի տեսք չի  ունենում։

 Խոսքը   Mann’s Cake-ի մասին Է, որն արդեն հայտնի է  Վեդիում, որտեղ բնակվում է Մանե Մինասյանը։   Փորձեցինք պարզել՝ ինչու լրագրողը հրուշագործ դարձավ;

 Մանե,  ինչպե՞ս ստեղծվեց խմորեղենի քո բրենդը։

Mann’s Cake-ի  ծնունդը շատ պատահական եղավ։  Մորաքույրս շատ լավ է էկլեր պատրաստում։ Արտակարգ դրության ժամանակ իր բաղադրատոմսով որոշեցի առաջին անգամ  էկլեր պատրաստել, ինքն էլ աշխատանքի էր ու օնլայն «հետևում» էր գործընթացին։ Երբ վերջացրի, շարեցի, նկարեցի, ուղարկեցի ու նույն պահին մորաքույրս գրեց․  «Ման, դու հանգիստ կարաս զակազներ վերցնես»։ Ես էլ կատակով այդ նամակն ուղարկեցի ընկերուհուս, ինքն էլ նույնն ասաց ու սկսեցի մտածել՝ բայց ինչու ոչ ։ Սկսեցի մյուս ընկերներիս հետ քննարկել, բոլորը ոգևորում էին, միայն ամենամեծ քննադատս՝ մայրս, ասում էր որ չարժի, խելքին մոտ չի և այլն։  Եվ այսպես մի քանի օր մտորումներիցս հետո, երբ արդեն տուփեր էի պատվիրել, լոգո պատրաստել և այլն, բացեցի ֆեյսբուքյան  էջ  ու․․․ սպասեցի պատվերների։ Եվ այսպես էլ ստեղծվեց իմ արդեն 4 ամսական փոքրիկ բիզնեսը։

 Հասկացա՝ էկլեր էիր առաջին անգամ պատրաստում, իսկ առհասարա՞կ․․․

Պատրաստել սկսել եմ երևի 9-10 տարեկանից, ամեն անգամ՝ կռվով։ Մայրս ինձ ուղղակի դուրս էր անում խոհանոցից, ամեն անգամ ասում էր կփչացնես, մի կեղտոտի և այլն, իսկ մորական պապիկս ոգևորում էր ինձ, բաղադրատոմսերի գիրք ու անհրաժեշտ մթերքներ էր բերում, տանն էլ զգուշացնում էր, որ ինձ չարգելեն պատրաստել։ Երբ արդեն 12 տարեկան էի, պապիկս էլ վատառողջ էր ու հիվանդանոցում, հիշում եմ այդ բաղադրատոմսերի գրքից նարնջի կեղևով տորթ էի պատրաստել ու տարել հիվանդանոց, որից հետո մայրիկս ինձ սկսեց վստահել խոհանոցում ու էլ դուրս չէր անում ։

Քո  պատրաստած խմորեղենը հնարավո՞ր է  տարբերել։

Ես ինքնուս եմ․ երբեք որևէ մեկն ինձ չի սովորեցրել անգամ ինչպես ճիշտ բռնել հարիչը  կամ կրեմը որտեղից է պետք սկսել քսել կրեմը։  Ես ամեն ինչ ինքնուրույն ու իմ տարբերակով եմ սովորել։

Բայց, իրոք, շատ են ասում, որ տորթերս տարբերվող ոճ ունեն։  «Քարե» տորթեր  չեմ  պատրասում։ Մի քանի դեպք եղել է, երբ նկար են ուղարկել, ասել եմ՝ կներեք, բայց ես նման տորթեր չեմ պատրաստում, դիմեք մյուսներին։ Մյուս տարբերությունն այն է, որ ես պատրաստում եմ քաղցրավենիք բացառապես բոլորի համար։ Ես  պատրաստում եմ  նաեւ այնպիսին, որը չի պարունակում շաքարավազ, սպիտակ ալյուր և դրանից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, ունեն շաքարային դիաբետ կամ պարզապես չեն ուզում ավելորդ քաշ հավաքել։

 Արդյո՞ք  համեղ պատրաստելն արդեն բավարար է վաճառքի համար։ 

Շատերին թվում է, եթե ինստագրամի էջ ունես, կամ կարողանում ես համեղ պատրաստել, վերջ, կարող ես արդեն գումար աշխատել։ Միանշանակ կասեմ, որ ոչ, միայն համեղ պատրաստելով չես կարող վաճառք ապահովել, քանի որ ապրանքդ մարդկանց համար դեռ անծանոթ է, պետք կարողանաս նաև «համեղ» մատուցել այն հաճախորդին։

Դուք Վեդիից եք, այնտեղ ինչպե՞ս  վերաբերվեցին, որ  20-ամյա աղջիկը բիզնես սկսեց։ 

Վեդիում բավականին ակտիվ եմ և շատերն ինձ ճանաչում են որպես լրագրողի, իսկ երբ տեղեկացրի, որ նոր գործով եմ սկսում զբաղվել, շատ  խրախուսող նամակներ ստացա, ինչն անսպասելի էր։  Այդ նամակներն ինձ ոգեւորել են այնքան, որ   արդեն ցանկություն ունեմ  փոքրիկ թեյարան-սրճարան  բացել Վեդի քաղաքում։ Չեմ ուզում ժամանակից շուտ խոսել դրա մասին, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ։

 Ընտանիքդ ինչպե՞ս ընդունեց բիզնես սկսելու գաղափարդ։

Երբ նոր էի էջ բացել ու տեսականին ներկայացնելու համար պետք էր օրը մի քանի տեսակ խմորեղեն թխեի, հայրս ամեն երեկո տուն գալուց ինձ համար ալյուր, շաքարավազ , ձու էր բերում։ Յուրաքանչյուր պարագայում իրենց աջակցությունը եղել է ու կա։ Ես միայնակ դժվար թե հասնեի այն արդյունքին, որին քիչ թե շատ հասել եմ այսօր։

Լրագրողի մասնագիտությունն  օգնո՞ւմ է այս բիզնեսում։

Մի անգամ դասախոսս, հիշում եմ,  ասում էր լրագրողներն ավելի հաջողակ են բիզնեսում, քան տնտեսագետները։ Եվ իրոք, այս փաստը վկայում է մեր կուրսը․ շատերս ունենք մեր փոքրիկ բիզնեսը։ Լրագրող լինելն օգնում է  ավելի ճիշտ գովազդ անել, հաղորդակցվելու խնդիր չեմ ունենում, մարդկանց հետ շփվելու առումով երբեք չեմ կաշկանդվում և այլն։

Եթե կորոնավիրուսով պարտադրված պարապուրդը  չլիներ, կսկսեի՞ր։

Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե չլիներ կորոնավիրուսը, միգուցե ես էլի դասից վերադառնայի տուն  ու  գիշերվա կեսին որոշեի էկլեր թխել,  էլի ինձ ոգևորեին․․․ Բայց ամեն դեպքում բիզնեսս ծնվել է կորոնավիրուսի շրջանում․ այն չեմ ուզում կապել վիրուսի հետ, քանի որ  բոլորիս կյանքում բացասական ազդեցություն է բերել, իսկ իմ բրենդն իր տեսակով դրական, համեղ ու քաղցր է։

Մանե.jpg (89 KB)