Բացել լրահոսը Փակել լրահոսը
20200908_173629
A A
Մշակույթ Մարզեր Հասարակություն

Փորձելու են վերհանել Օշականի մոռացված ավանդություններն ու սովորույթները. Մշակույթի պալատը նոր շունչ է ստանում

Օշականցիները հպարտանում են իրենց Մշակույթի պալատով, որը, բացի ճարտարապետական կոթող լինելուց, իր հիմնադրման օրից՝ 1957 թվականից գործում է մինչ այսօր: Հպարտանում են գործող համույթներով՝Անժելա Շահնաբադյանի անվան ժողովրդական և ազգագրական պարերի անսամբլով, որը Արմեն Մուշեղյանի ղեկավարությամբ մի շարք մրցանակներ է շահել, Հովակ Գալոյանի անվան պատանեկան թատերախմբով, ժողգործիքների նվագախմբով:

Հիմա Օշականի Մշակույթի պալատը նոր շունչ է ստանալու, քանի որ Հայաստանի համայնքային երկու հարյուր տներից այն տասնյակի մեջ է, որոնց ընտրել և ընդգրկել է «Իմ քայլը» հիմնադրամը «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և   համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում: 

Վերաիմաստավորելու են մշակույթի պալատը Օշականի պատանի կամավորները, որոնք արդեն հասցրել են շաբաթօրյակ հայտարարել, մաքրել ու կարգավորել հարակից տարածքը: Սա առաջին քայլն էր, որին պետք է հաջորդեն բուն ծրագրերը: «Ա1+ »-ին իրենց կատարած ու կատարելիք նպատակների ու ծրագրերի մասին պատմում է 2014-ից օշականցի պատանի կամավորների խումբը համակարգող Ռազմիկ Մնացականյանը: 

Ռազմիկը քսաներեք տարեկան է: Սովորում է Ամերիկյան համալսարանում: «Միավորող կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է:

«Ծրագրերն իրականացնելու համար մեզ սենյակ են տրամադրել: Այն էլ ինչ սենյակ՝ մի մեծ, գեղեցիկ սրահ: Սա մեր հոգսը կթեթևացնի, կունենանք հավաքատեղի՝ կահավորված, նոր չափանիշներին համապատասխան տեխնիկապես վերազինված: Եթե մինչև հիմա խմբակներ էին գործում մինչև քսանհինգ տարեկանների համար, ապա մենք ծրագրեր ենք իրականացնելու նաև մեծահասակների համար, որ ընտանիքներով գան, որ Մշակույթի պալատը դառնա ժամանցի հետաքրքիր վայր օշականցիների համար, որ ակտիվացնենք գյուղական կյանքը»:

Ինչպես ստեղծվեց կամավորների խումբը հարցին երիտասարդը պատասխանում է, որ օշականցիներն առանձնահատուկ են սիրում իրենց ծննդավայրն ու նոր սերունդը, հիմնականում, իր ապագան կապում են Օշականի հետ:

 «Չնայած, Օշականը Երևանին մոտ է, ու թվում է, թե կյանքն ավելի բարվոք պետք է լինի, բայց այդքան էլ այդպես չէ: Երևանին հասնելու շատ բան ունենք, - ասում է Ռազմիկն ու ժպտալով հավելում,- բայց այնպես էլ չի, որ շատ հետ ենք մնում»: 

Նպատակների իրականացման ճանապարհին առաջնայինն իհարկե ֆինանսներն են, որ փորձում են լուծել դրամաշնորհների միջոցով, ինչ էլ հնարավոր է, իրենց ուժերով են իրականացնում: 

Որպեսզի ամեն ինչ ազնիվ լինի որոշել են ընտրություններ կազմակերպել և ձևավորել կամավորների խորհուրդ: 

«Մեր «ազգային ժողովն» ենք ունենալու, - հումորով ասում է Ռազմիկը,- խոսնակ ու փոխխոսնակ ենք ընտրելու, նաև խորհրդի անդամներ, որոնք կամավորների հետ առնչվող յուրաքանչյուր հարց քննարկելու են ու ժողովրդավար ձևով որոշումներ են կայացնելու և լուծելու: Երեսուն և ավելի կամավորներից ընտրել վեց հոգու բարդ պրոցես է, և որ որևէ մեկն իրեն անտեսված չզգա, չնեղվի, չհիասթափվի, որոշեցինք ազնիվ ճանապարհով գնալ: Յուրաքանչյուրը գրում է, իր կարծիքով ամենաակտիվ երեք կամավորների անունները, և ամենաշատ ձայն հավաքածներն էլ ընտրվում են: Պատանու, երիտասարդի հետ պետք է զգույշ լինել, որովհետև իրականում նրանք փուխր են և ուշադրության կարիք ունեն»:

Առաջին խմբակը թատերական խմբակն է, որը հետագայում ստուդիա կդառնա: Դիզայնի խմբակ կբացեն նաև: Կրթական ծրագրեր են պատրաստվում իրականացնել: 

Հարցումներ են անցկացրել՝ հասկանալու, թե ինչ հետաքրքրություններ ունեն համագյուղացիները, ինչ կրթական ծրագրերի պահանջ կա: Մոտավոր պատկերացում ունեն արդեն: Շատերին հետաքրքրում է անգլերեն, ռուսերեն լեզուների դասընթացները, ծրագրավորումը, գոբելենագործությունը, տիկնիկագործությունը: Առաջնահերթ որոշել են անգլերենի ու տուրիզմի խմբակներ բացել:

 

 «Զարմանալի է, բայց Օշականը պատմական ու տեսարժան հարուստ վայր լինելով հանդերձ  տուրիստական գործակալությունների հետաքրքության շրջանակից դուրս է, - ասում է Ռազմիկը: - բացի Սուրբ Մաշտոց եկեղեցուց, այլ սրբավայրեր ունենք, ուրարտական  դամաբարան, միջնադարյան կամուրջ, Օշականի հին փողոցները, վերջապես Մշակույթի պալատը, որ ճարտարապետական կոթող է: Այսինքն շատ-շատ բան կա, որ կարելի է տեսնել ու վայելել»: 

Որոշել են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել: Մինչ այդ էլ եթե տուրիստներ եղել են, կամավորական սկզբունքով ուղեկցել են, սակայն հիմա որոշել են ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ունենալ: Փորձելու են վերհանել մոռացված ավանդություններն ու սովորույթները, որոնք եղել են գյուղում: Օրինակ շփոթ սարքելու և սուջուխ սարքելու արարողությունը: Հավաքագրելու են ինֆորմացիան ու էքսկուրսավարներ պատրաստեն, նաև տուրիստական փաթեթ:

Տասներեքամյա Լևոն Արսենյանը, սովորում է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող դպրոցում: Դեռ ութերորդ դասարանում է սովորում, բայց ապագա մասնագիտությունն արդեն ընտրել է: Իրավաբան է դառնալու: Ապագան էլ Օշականի հետ է կապում: Որպես կամավոր այս տարի է միացել Ռազմիկի հիմնադրած «Միավորող կամուրջին»

«Ուրախ եմ, որ Ռազմիկն ինձ նկատեց, ու կամավորներից մեկը դարձա: Ծրագրեր դեռ չեմ մշակել, դեռ նոր մարդ եմ այս կազմակերպությունում, բայց հետագայում ես էլ ծրագրեր կառաջարկեմ: Օրինակ, կառաջարկեմ մաքրել մշակութային արժեք ներկայացնող տարածքները, որ մարդիկ աղտոտում են առանց մտածելու, թե ինչ են անում: Կառաջարկեմ համոզել գյուղի բնակիչներին  մասնակցել մաքրման աշխատանքներին: Կարծում եմ՝ մաքրելուց հետո կհասկանան, որ աղբի տեղը աղբամանում է: Իմ օրինակով ասեմ, որ փոքր ժամանակ ես էլ էի աղբը նետում: Հիմա մաքրելու ու մաքրության «արժեքը» գիտեմ: Կցանկանայի որ ծրագրավորման խմբակը բացվեր, և նրանց, ովքեր նախընտրում են հեռախոսի մեջ օրը անցկացնել, կառաջարկեի գալ խմբակ ու խաղեր խաղալու փոխարեն ծրագրավորում սովորել: Մի բան էլ ասեմ, եթե կարելի է, չասեք տարիքդ թույլ չի տալիս նման մտքեր արտահայտել,- զրույցի ավարտին իր հասուն մտքերով զարմացրեց տասներեքամյա պատանին: - Գիտեք, շատերն  ասում են երկիրն ապագա չունի: Ասում են նոր սերունդը էսպիսին է, էնպիսին է: Կարծում եմ, որ եթե վատը կա, լավն էլ կա: Կարևորը, որ մարդը իր հաջողություններից չգոռոզանա, այլ մտածի թե երկրին ինչ օգուտ կարող է բերել»:

Ի դեպ, այսօր Օշականի Մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ ընտրությունները կայացել են, և Լևոն Արսենյանը ընտրվել է «Կամավորական խորհրդի» փոխխոսնակ: