Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուղղորդված արշավ է կատարվում Արայիկ Հարությունյանի դեմ. Արփի Դավոյան (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու մասին ես իմացել եմ նրա ֆեյսբուքյան գրառումից։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Պատգամավորը հավելեց՝ գործընկերոջ հետ չի խոսել, հետևաբար՝ չի ուզում մեկնաբանել նրա քայլը․

«Արսեն Ջուլֆալակյանը մեր լավագույն գործընկերներից, մեր լավագույն պատգամավորներից է, չեմ ուզում որևէ բան ասել, քանի դեռ չեմ խոսել նրա հետ»։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ հասունացած դժգոհություններին և ԼՀԿ-ի հայտարարությանը, թե անվստահություն են հայտնելու նրան, Դավոյանը համոզմունք հայտնեց, որ ուղղորդված արշավ է կատարվում Արայիկ Հարությունյանի դեմ․

«Արայիկ Հարությունյանի հետ կապված այս աղմուկը ես ավելի շատ վերագրում եմ մամուլի շատ ներկայացուցչների ուղղորդված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածմանը»։

Դավոյանի համոզմամբ՝ կան շրջանակներ, ովքեր ամեն գնով փորձում են վարկաբեկել նախարարներին, պատգամավորներին, առհասարակ՝ իշխող ուժի ներկայացուցիչներին, վերջինս  չի բացառում, որ հաջորդը թիրախավորվելու է այլ պաշտոնյա։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքին և կրթության ոլորտից դժգոհություններին, Դավոյանն ասաում է․

«Ես չգիտեմ այդ հանրահավաքը երբ և որտեղ է տեղի ունենալու, բայց եթե այդտեղ կրթության հետ կապված խնդիրների մասին խոսողներից մեկը լինելու է Ծառուկյանը, ես ոչինչ ավելին ասելիք չունեմ»։

Քաղաքական թեժ աշնան մասին հայտարարություններին ի պատասխան պատգամավորը հիշեցնում է՝ 2018 թվականի մայիսից հետո արտախորհրադարանական ընդդիմությունները, որոնք, ըստ նրա, նախկին իշխանության ներկայացուցիչներն են, նրանց ընկեր- բարեկամներն են, անընդհատ խոստանում են թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ձմեռ, թեժ ամառ․

«Եթե իրենք իրենց համարում են ընդդիմություն, ես չեմ կարծում, որ ընդդիմությունը պետք է ինչ-որ խոստումներ տա, ընդդիմությունը պետք է գործի, իսկ իրենք գործում են  սեփական ամբիցիաների մղումով։ Թող հանրահավաք անեն, ո՞վ է իրենց խանգարում, ուղղակի շատ կարևոր է՝ այդ ամենի մեջ լինել ազնիվ և արդար, իսկ այդ մարդիկ այդպիսին չեն»։