Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ի՞նչ են պահանջում ազատ ստեղծագործողները (տեսանյութ)

Դեռ անցյալ տարի երգչուհի, երգահան, «Մուզանավ»-ի համահիմնադիր Լիլիթ Բլեյանն ու գաղափարակից ընկերները որոշեցին ստեղծել ֆեյսբուքյան մի հարթակ, որը թույլ կտար խոսել իրենց միավորող խնդիրների մասին, նաև փորձել լուծումներ գտնել:

««Մուզանավ» անվանումը բխեց նրանից, որ մենք՝ գաղափարակիցներով, բոլորս ապրում ենք նույն երգի` yellow submarine մոտիվներով, մեր երաժշտական սուզանավում: Բացի այն, որ մեր իրականությունում  ընդունված է, որ ստեղծագործ մարդը մենակ է և որպես կանոն, անտեսված է պետության կողմից, ստեղծագործ մարդիկ նաև իրար հետ են դժվար համագործակցում: Եվ որոշեցինք, որ այդ մի հարցը, ինչը մեր ուժերի սահմանում է, փորձենք լուծել ինքներս և ստեղծել հարթակ, հետո կազմակերպություն, իսկ հուլիսից արդեն նախաձեռնություն՝ առցանց քննարկումների համար, որոնցից մեկի ժամանակ և ծնվեց համաժողովի միտքը»,- « Ա1+»-ին ներկայացրեց Լիլիթ Բլեյանը:

Առաջին հանդիպում- համաժողովն իրականացավ սեպտեմբերի 9-ին, Հրազդանի հանրային այգում, որտեղ տարբեր ոլորտում գործող ազատ արվեստագետները քննարկեցին իրենց հուզող խնդիրները:

Երգիչ, երգահան Վահան Արծրունու խոսքով, հավաքի նպատակն էր Հայաստանում ազատ ստեղծագործողների համայնքի խնդիրները փոքր-ինչ ավելի համակարգված ներկայացնել, որ սկսեն քայլել դրանց լուծման ուղղությամբ։

Նախաձեռնող խումբը, որի կազմում նաև ինքը, հնչեցրած մտքերը ամբողջացնելու են մի փաստաթղթի մեջ, որը և կդառնա «Ինքնանույնականացում 2020» համաժողովի արդյունքը: 

Նա ընդգծեց, որ այսուհետ ոչ թե գործադիրի հետ է լինելու իրենց երկխոսությունը, այլ օրենսդրի՝ բանակցելու են Ազգային ժողովի հանձնաժողովի հետ:

 

 

Այսօր նախաձեռնող խումբը հրապարակեց «Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների հայաստանյան առաջին համաժողովի եզրափակիչ արձանագրությունը: 

 

«Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների հայաստանյան առաջին համաժողովի մասնակիցները, քննարկելով մեր երկրի մինչանկախության շրջանի և անկախության երեք տասնամյակի ընթացքում հայաստանյան մշակութային դաշտն ու մասնավորապես, տարբեր ոլորտներում ստեղծագործող ազատ արվեստագետներին առնչվող՝ տարիներ շարունակ չլուծվող և ավելի խորացող խնդիրները, 

 

արձանագրելով հասարակության և պետության կյանքում անկախ ստեղծագործողների դերի և կարևորության խիստ թերի և թյուր գնահատումը ՝ ինչպես պետության և պետական մշակութային կառավարման օղակների, այնպես էլ՝ տնտեսվարողների կողմից,

հաշվի առնելով պետական մշակութային ռազմավարության փաստացի բացակայությունը, մշակութային դաշտին առնչվող օրենսդրական ինստիտուտների անկատարությունը և ոլորտային օրենքների բացակայությունը,

հիմնվելով մինչ այս պահը ՀՀ-ում գործող՝ մշակույթի ոլորտին առնչվող միակ լիարժեք օրենքի՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների վրա,

նշելով, որ գործող օրենսդրական և նորմատիվային բազան ոչ միայն կիսատ է, այլև տարբեր օրենքներ և օրենսդրական ակտեր երբեմն պարզապես խոչընդոտում են Հայաստանում ազատ, ապակենտրոն, ստեղծագործ միտքը և ոգին խթանող մշակութային մթնոլորտի ձևավորմանը,

արձանագրելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի մշակութային և մերձմշակութային շենք-շինությունների ամենախոշոր սեփականատերը և կառավարիչը մնում է պետությունը, որը չնչին ուշադրություն է դարձնում դահլիճների, համերգասրահների, ցուցասրահների և այլ տարածքների՝ հանրային օգտակարության և հասանելիության գործակցի բարձրացմանը և շարունակում է իրականացնել առավելապես վերահսկողի, այլ ոչ՝ աջակցողի և ստեղծագործական ընթացքը խրախուսողի դեր,

կարևորելով մշակույթի ոլորտի՝ պետական և տնտեսական կոպիտ միջամտություններից ու պետական ուղիղ կառավարումից դուրս բերման, մշակույթի՝ որպես անկախ, ինքնակառավարվող ոլորտի աստիճանական կայացման անհրաժեշտությունը՝ ի շահ ոլորտի և հասարակության զարգացման,

ձգտելով Հայաստանում ձևավորել մշակութային ռեսուրսների իրական մատչելիություն և ստեղծագործական իրավունքների լիարժեք իրացման հնարավորություն բոլոր արվեստագետների համար՝ առանց «պետական-ոչ պետական» բաժանարարների,

ուշադրության առնելով, թե համավարակի շրջանում որքան խոցելի իրավիճակում հայտնվեցին և սեփական ստեղծագործական ու սոցիալական իրավունքների հանդեպ ինչպիսի անտարբերության հանդիպեցին անկախ արվեստը ներկայացնող գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները,

ելնելով ազատ ստեղծագործողների իրավունքների, շահերի պաշտպանության կարևորությունից և նրանց գործունեության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու հրատապությունից՝

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Ազատ և ինքնազբաղ արվեստագետների համար ստեղծագործական պայմաններ, միջավայր և զարգացման հեռանկար, ինչպես նաև՝ շահերի պաշտպանություն ապահովող մեխանիզմների գործարկումը, այդ թվում՝ մի շարք օրենքների և օրենսդրական փոփոխությունների ընդունման միջոցով։ Այս համատեքստում, որպես օրինակ, կարելի է քննարկել (առանց այլ տարբերակները բացառելու)

«Ազատ արվեստագետի/ստեղծագործողի/մասնագետի մասին» օրենքի ընդունումը,
«Ստեղծագործական մասնագիտական միությունների մասին» օրենքի ընդունումը

Պետություն-մշակութային ոլորտի կազմակերպություններ/անհատներ և գործարար ոլորտ-մշակութային ոլորտի կազմակերպություններ/անհատներ հարաբերությունների փիլիսոփայության խորքային վերանայումը։ Այս համատեքստում կարևոր քայլերից են

1 «Մեկենասության մասին» օրենքի ընդունումը
2 Պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփական իրավակազմակերպական ձևի փոփոխման ճկուն և շահավետ մեխանիզմներ առաջարկելը՝ ի շահ առավել ազատ և անկաշկանդ ստեղծագործական գործունեության և ազատ արվեստագետների հետ համագործակցության հեշտացման։
3 Մշակութային կազմակերպություններին նպատակային օգտագործման հանձնված պետական գույքի տնօրինման սկզբունքների վերանայումը՝ այդ գույքն առավելագույնս ի շահ հանրության, ստեղծագործող անհատների և միությունների, արվեստի տարբեր ճյուղերի ընդհանուր զարգացման օգտագործելու նպատակով։

Գիտակցելով, որ այս քայլերը կպահանջեն իրականացման որոշակի ժամանակ, որպես «անցումային շրջան» (մինչ օրենքների ստեղծումն ու ընդունումը), առաջարկում ենք ազատ ստեղծագործողների խնդիրների լուծմանը նպաստող հետևյալ քայլերը

1. Ազատ արվեստագետ/ստեղծագործողների անկախ շտեմարանի/ռեեստրի ստեղծում՝ որպես “նույնականացմանը” նպաստող քայլ.
2. «Ազատ հարթակ» անցումային ծրագրի կիրառում
ծրագրի շրջանակներում ազատ արվեստագետների համար հասանելի օրերի քանակ սահմանել (անհատույց կերպով) բեմ և էքսպոզիցիոն տարածքներ ունեցող ՊՈԱԿ-ների (համերգային դահլիճներ, թատրոններ, ցուցասրահներ, թանգարաններ և այլն) տարածքում միջոցառումների իրականացման համար, երաշխավորել այդ հարթակների հասանելիությունը ազատ արվեստագետների համար, ապահովել այդ ծրագրի համակարգումը ինքնակառավարման եղանակով (տարբերակները բազմաթիվ են, այդ թվում՝ թափանցիկ, ինտերնետային գրանցման տարբերակով):
3. Ֆինանսական կարգավորումը ժամանակավորապես իրականացնել միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում:

Անցումային շրջանը ոչ միայն ազատ արվեստագետի համար կստեղծի ինքնադրսևորման և իր արվեստով եկամուտ ստեղծելու նոր հնարավորություններ, այլև սկիզբ կդնի անկախ արվեստագետների և մշակութային պետական կառույցների՝ նոր ոգով համագործակցությանը։

Այս միջոցառումները թույլ կտան նաև ապահովել ազատ և ինքնազբաղ արվեստագետի գործունեության արդյունավետ ինքնակազմակերպումը՝ չծանրանալով պետական բյուջեի վրա և առավելագույն ստեղծագործական անկախություն պահպանելով։

*Այս արձանագրության տակ Ձեր անունը գրանցելով՝ Դուք համաձայնություն եք տալիս այստեղ նշված խնդիրներին և դրանց լուծման ճանապարհային քարտեզին։

Համաժողովի նախաձեռնող խումբ՝
Լիլիթ Բլեյան, երգչուհի, երգահան, «Մուզանավ»ի համահիմնադիր
Վահան Արծրունի, երգիչ, երգահան
Հայկ Վարդանյան, մենեջեր, օպերային երգիչ
Տիգրան Տեր Ստեփանյան, կիթառահար, գործիքավորող, «Մուզանավի» համահիմնադիր
Քրիստինե Կոլյան, երգչուհի, երգահան, «Մուզանավի» համահիմնադիր
Մհեր Մանուկյան, երգահան, երգիչ, «Լավ էլի» խմբի համահիմնադիր
Անի Գասպարյան, Ժնևի «Musika» գործակալության պրոդյուսեր
Նվարդ Անդրեասյան, դիրիժոր, երաժշտագետ
Համակարգող՝ «Մուզանավ» մշակութային հկ