Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ կարծում, որ ՀԴՄ-ով կարելի է նայել ընդհանուր տնտեսության պատկերը․ ԲՀԿ պատգամավորը՝ վարչապետին (տեսանյութ)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարակմանը, թե մեր երկրում տնտեսական ճգնաժամ չկա․

«Չեմ կարծում, որ ՀԴՄ-ով կարելի է նայել ընդհանուր տնտեսության պատկերը, այդ պատկերը բազմաթիվ կոմպոնենտներից է կախված։ Ես  նայում եմ ամենօրյա շփումներով՝ մարդիկ ինչ են խոսում, ինչ վիճակի մեջ են, ինչ է կատարվում մարդկանց սառնարանում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ծառուկյանը։

«Մենք հանդիպել ենք տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, օրինակ տուրիզմի ոլորտի փոխադրումների ճյուղով զբաղվող ընկերությունները կանգնած են սնանկացման եզրին»,-ասում է պատգամավորն ու հավելում, որ հանդիպել են նաև տարբեր վարկեր ունեցող քաղաքացիների հետ, օրինակ ՝ կան մարդիկ, ովքեր մարտի 11-ից կորցրել են աշխատանքը, բայց մինչ այդ պարտաճանաչ վարկառու են եղել, այսօր ոչ միայն չեն կարողանում վճարել վարկերը, այլ նաև հանապազօրյա հացի խնդիր ունեն։

Ինչ վերաբերում է Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին, Ծառուկյանն ասում է՝ դրանց էֆեկտիվությունը միանշանակ չէ․

«Օրինակ՝ Կառավարությունն առաջարկում է արտոնյալ պայմաններով  գյուղվարկեր, դրանք տրամադրվել են այն մարդկանց, ովքեր ունեցել են դրական վարկային պատմություն, բայց այսօր գյուղացիների շատ չնչին տոկոսն է, որ չունի վատ վարկային պատմություն, մենք ունենք գյուղեր, որոնց սեփականությունների մի մասն  արդեն անցել է բանկի տիրապետման տակ։ Կառավարությունն առաջարկում էր վատ վարկային պատմություն ունեցողներին միավորվել, ստեղծել կոոպերատիվներ և դրանց միջոցով այդ վարկերը ստանալ, ես գրավոր հարցումով դիմել եմ, որպեսզի իմանամ՝ քանի գյուղատնտեսական կոպերատիվներ են ստեղծվել, որոնք օգտվել են այդ արտոնությունից, պատասխանը բանավոր ստացել եմ,  որ այդ թիվը հավասար է զրոյի»։

Ծառուկյանի խոսքով՝ մեր տնտեսության վիճակը ամեն օր վատանում է, վատանում է նաև քաղաքացիների վիճակը, մինչդեռ իրավիճակը շտկելու ուղղությամբ համարժեք քայլեր չեն արվում։

Հիշեցնենք՝ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019 թվականի օգոստոսի համեմատ, այս տարվա օգոստոսին ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով, որը վերաբերում է առևտրի բոլոր կենտրոններին՝ խանութներից մինչև ռեստորաններ։ Փաշինյանը պնդել է, որ երկրում տնտեսական կոլափս չկա։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի առաջիկա հանրահավաքին, պատգամավորն ասաց՝  տարածքային կառույցներում հանդիպումներ են ունենում, այդ հանդիպումները ամփոփելուց հետո կխոսեն հանրահավաքի օրակարգի մասին։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու ԼՀԿ-ի նախաձեռնությունը ԲՀԿ-ն դեռ չի քննարկել, բայց պատգամավորը հիշեցնում է, որ բազմիցս նշել են՝ բազմաթիվ կետերում դժգոհ են Արայիկ Հարությունյանի աշխատանքից։