Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարդիկ գրում են, զանգում են, ասում են՝ մի բան արեք, թող Արայիկ Հարությունյանը հեռանա․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

«Հետևելով Արայիկ Հարությունյանի երկու տարվա աշխատանքին՝ մենք հասկանում ենք, որ կրթության ոլորտի բարեփոխումների օրակարգը ամբողջությամբ տապալված է»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պնդելով, որ ոլորտի պատասխանատուն պատրաստ չէ հանրության լայն շրջանակների հետ նստել սեղանի շուրջ և քննարկել կրթության ոլորտի բարեփոխումները․

«Իշխանության տրամաբանության շրջանակներում սևերի և սպիտակների բաժանումը նույնպես ազդում է այս ոլորտի վրա, որովհետև, ըստ էության, երբ մենք հանրությանը բաժանում ենք մի քանի շերտերի, չենք կարողանում այլևս նրանց հետ համերաշխորեն նստել և քննարկել կրթության հարցը, որը վերաբերում է բոլորին»։

Սամսոնյանը պնդում է՝  նաև հանրությունից են ստացել ազդակ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ․

«Մարդիկ գրում են, զանգում են, ասում են՝ մի բան արեք, թող Արայիկ Հարությունյանը հեռանա, հիմա մենք փորձում ենք մի բան անել։ Ստեղծել ենք մարդկանց համար հարթակ, հրավիրում ենք, որ սեպտեմբերի 16-ին գան Ազգային ժողովի դիմաց և իրենց բողոքը կարողանան արտահայտել, որպեսզի նախարարն էլ տեսնի, որ իրենից  դժգոհ են հանրության լայն շրջանակները»։

Անի Սամսոնյանի խոսքով՝ ԿԳՄՍՆ բարեփոխումների օրակարգը այսօր բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս, որովհետև հանրային լայն քննարկումների առարկա չի  դարձել։

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝  իշխող ուժի ներսում ևս կան  դիմադրություն և անհամաձայնություններ Արայիկ Հարությունյանի նկատմամբ․

«Արդյո՞ք իշխող ուժը կկարողանա վեր կանգնել նեղ կուսակցական շահերից, վեր կանգնել վերևից իջած հրամաններից, թե ով ուզում է լինի, բայց մերը լինի սկզբունքներից ելնելով, և որոշել, որ ավելի կարևոր է, օրինակ, կրթական համակարգի երկարաժամկետ ծրագիրը։ Կրթության ոլորտի պատասխանատուին փոխելու հարցն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց»։

Սամսոնյանը նշեց, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ որևէ քննարկում չեն ունեցել, բայց ելնում են այն մտքից, որ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր այս խնդրի վերաբերյալ դժգոհություն ունեն, կմիավորվեն, կհամախմբվեն և կփորձեն հարցը լուծել։