Դատապարտում եմ ոստիկանության ոչ իրավաչափ քայլերը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ համացանցում տարածվող տեսանյութերին, որոնցում երևում է` ոստիկաները դիմակ չդնելու համար բռնի ուժով քաղաքացիներին բերման են ենթարկում։
Մարուքյանը նախ դատապարտեց ոստիկանության՝ իր խոսքով, ոչ իրավաչափ քայլերը, ապա հավելեց, որ պետք է ծառայողական քննություն նշանակվի ոստիկանների պահվածքի վերաբերյալ։
Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահին առաջարկեց նույնպես դատապարտել երևույթը և միանալ ծառայողական քննություն իրականացնելու կոչին:
«Դուք ասում եք, որ դուք չեք եկել իշխանության՝ իշխանության է եկել ժողովուրդը: Հիմա այդ ժողովրդին փողոցներում նման ձևով անարգում և նրանց իրավունքները ոտնահարում են»,- հայտարարեց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն արձագանքեց Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, պատգամավորը առաջարկեց դատապարտելուց առաջ հասկանալ, թե ինչ է եղել: Վերջինս հավաստիացրեց, որ բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն, հորդորեց սպասել դրա ավարտին․
«Բայց ասեմ, որ բոլոր տեսանյութերում ներկայացվածը, շատ կարճ մոնտաժված, հատուկ սարքված տեսանյութեր են, և նախապատմությունը ոչ մեկը չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը»։
Մարուքյանի հայտարարության անրդրադարձավ նաև Աժ նախագահ Արարատ Միրզոյանը. վերջինս նշեց, որ եթե կարծիք կա, որ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունը, ապա պետք է սպասել ծառայողական քննության ավարտին․
«Տեսական ասել, որ դատապարտում ենք ոստիկանությանը, կամ քաղաքացո՞ւն, այդպես ո՞նց կլինի: Կոնկրետ իրավիճակ կա: Ոստիկանն էլ է քաղաքացի, քաղաքացին էլ է մերը, ոստիկանն էլ է մերը, սա մեր պետությունն է, և մենք պետք է հարգենք սահմանված օրենքները և նորմերը»,- ասաց ԱԺ նախագահը։