Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ-ում չկա մի կինոթատրոն, որտեղ հայերեն լեզվով արտասահմանյան ֆիլմ գնա. Արթուր Մանուկյան (տեսանյութ)

«Ես շատ մարդիկ գիտեմ, որ երբեք օպերայում, թատրունում ու որևէ սիմֆոնիկ համերգի իրենց կյանքի ընթացքում չեն եղել, բայց չեմ կարողանում մտաբերել մեկի, ենթադրել, որ կարող է կինոթատրոնում եղած չլինի»,- այսօր իր ելույթում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։

Նրա խոսքով՝ արվեստների մեջ կինոն շատ հատուկ տեղ ունի և ֆիլմ նայել ու նայում են բոլորը։ Ըստ պատգամավորի այսօր մենք շատ տարօրինակ խնդիր ունենք կապված կինոթատրոնների հետ․ «ՀՀ-ում ըստ սահմանադրության հայերենն համարվում է պետական լեզու, բայց, ՀՀ-ում չկա մի կինոթատրոն, որտեղ հայերեն լեզվով արտասահմանյան ֆիլմ գնա․ լրիվ գնում են ռուսերեն լեզվով»,- ասում է նա։

Արթուր Մանուկյանը շեշտում է, որ կինոարտադրությունը շատ թանկ ոլորտ է և արվեստը անհնար է նայել ֆինանսական տեսանկյունից․ «Մենք շատ վախվորած օրենք ենք գրել ֆինանսական և հարկերի հետ կապված՝ համեմատած մյուս օրենքների հետ։ Արվեստը անհնար է նայել ֆինանսական տեսանկյունից։ Այստեղ ֆինանսիստները չեն կարող չափել, դա անհնարին է, ես ձեր չափումները չեմ ընդունում և վերջ»։ 

Հիշեցնենք, որ քննարկվում է ՀՀ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Արթուր Մանուկյանի եւ Արման Եղոյանի հեղինակած  «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: 

Ըստ հեղինակների՝   «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի ընդունումը, որով նաեւ հարկային արտոնություններ են տրվելու կինոյի ոլորտին, նպաստելու է կինոարտադրության զարգացմանն ու ներդրումների ներգրավմանը: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է Կառավարության կարծիքը՝ տեղեկացնելով, որ Կառավարությունն ունի որոշ առարկություններ եւ առաջարկներ, որոնց  թվում է նաեւ կինոոլորտին հարկային արտոնությունների տրամադրման նպատակահարմարությունը:  Ըստ նրա՝  անհասկանալի է, թե ինչու պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի կինոյի ոլորտին:

Քննարկումը շարունակվում է։