A
A
Եթե անարդար որոշում կայացվի, մեր պայքարն ավելի մեծ թափով կշարունակենք. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ անգամ եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, իրենք ավելի մեծ թափով կշարունակեն պայքարը։
Էնֆիաջյանի հավաստմամբ՝ հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ դեպքերի զարգացումից։ Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի հայտարարությանը, թե այս գործով տասնյակից ավելի մարդիկ կան մեղադրվող, Էնֆիաջյանն արձագանքեց՝ հարյուրից ավելի մարդ են կանչում, հարցաքննում, ոչ մի բովանդակություն չկա: ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ ցանկացած մեկը, ով անօրինական գործողություն է ծավալել, պետք է պատասխանատվության ենթարկվի, սակայն այս դեպքում, ըստ նրա, կոնկերտ քաղաքական հետապնդում է․
«Հունիսի 5-ի հայտնի քաղաքական խորհրդի նիստից հետո սկսվեց հայտարարությունների շարք և քաղաքական պարզաբանումներ չհնչեցին, այլ սպառնալիքներ և վիրավորանքներ եղան, որին էլ հաջորդեց այս քրեական գործը»,- ասաց նա:
Վահե Էնֆիաջյանը նշեց, որ սպասվող հանրահավաքին հնչելու են այն համոզմունքները, որոնք ժողովրդի և իրենց համար արդիական են: Հարցին, թե ՀՀԿ-ի հետ քննարկվո՞ւմ է, որ միանան հանրահավաքին, Էնֆիաջյանն արձագանքեց, թե նման հարց չի քննարկվել։
Դիտարկմանը, թե հասարակության պահանջն այն է, թե ավելի լավ է կադրերն անփորձ լինեն, քան կաշառակեր, պատգամավորն արձագանքեց՝ կաշառակերը չի լինելու, անփորձը չի լինելու, որովհետև ժողովուրդն ու ոլորտները փորձադաշտ չեն․ «Անփորձին կաշառակեր չի փոխարինելու»։
Հիշեցնենք՝ դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։