Վարչապետին ուղղված հարցեր և առաջարկներ ունենք. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի ագրեսիայի պատճառով հայտարարված է ռազմական դրություն, և Արցախի բոլոր ուղղություններով ընթանում են մարտական գործողություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ գիշերը համեմատաբար խաղաղ է անցել: Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ վարչապետին ուղղված հարցեր և առաջարկներ ունեն:
Հայաստանի դիվանագիտական աշխատանքը Մարուքյանը դրական է գնահատում. «Մենք կարողացանք հասնել նրան, որ առաջին անգամ շատ խիստ հայտարարություններ եղան՝ ուղղված Թուրքիային, մենք կարողացանք հասնել նրան, որ միջազգային հարթակներում հնչեցին հայտարարություններ առ այն, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում օգտագործում է վարձկանների, ահաբեկչական տարբեր խմբավումների ներկայացուցիչների, որոնք մարտահրավեր են լինելու նաև այս տարածաշրջանի երկրների համար»:
Մարուքյանը տեղեկացրեց նաև Ստեփանակերտում հենց ապաստարանից մասնակցել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի փակ նիստին, թեժ խոսակցություն է տեղի ունեցել, միջազգային գործընկերներին տեղեկացրել են, որ հեն այդ պահին Ստեփանակերտում արգելված զենքերով ռմբակոծվում են խաղաղ բնակավայրեր, մանկապարտեզներ, դպրոցներ և խիտ բնակեցված թաղամասեր:
Մարուքյանի համոզմամբ՝ Թուրքիան պատերազմը սնուցող երկիր է, մինչդեռ ցանկանում է դառնալ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ինչն անթույլատրելի է:
Մարուքյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունը բացառիկ կարելի է համարել, քանի որ երեք նախագահները համատեղ նույն հայտարարի էին եկել, ինչը խոսում է այն մասին, որ թեման շատ կարևոր է նրանց համար:
«Ա1+»-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Արցախի՝ իր անկախությունը ճանաչելու կոչից հետո, Մարուքյանն ասաց՝ այդ զենքը մեր զինանոցում է, բայց դեռ տեղ ունենք այդ զենքը չկիրառելու:
«Դա պետք է լինի վերջին կրակրոցը»: