Աջակցություն հակառակորդի կրակից փրկվածներին. ո՞ւր դիմել, ինչ անել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից սկսված ինքնաբուխ կամավորական աջակցությունն արդեն վերահսկվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Նպատակն է՝ աջակցությունը, որն ուղղորդվում է հակառակորդի կրակից փրկվածներին, տեղաբաշխել հավասարաչափ։ Արդեն իսկ ձևավորված շտաբը համակարգում է այդ աշխատանքները․
«Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ուզում են օգնել, դիմել համայնքային մարմիններին, մարզպետարաններին, որպեսզի նշվի, թե այդ ժամանակամիջոցում ինչպիսի աջակցություն, որտեղ է պետք,- նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը,- Ցավոք, փաստեր են արձանագրվել, որ նախարարության անունից անձինք գնում են ժամանակավոր կացարաններ, լուսանկարում են, նյութեր տարածում, գումար վերցնում։ Նման դեպքերում ահազանգել ոստիկանություն»։
Նախարարությունն Արցախում քաղաքացիական բնակչության առաջնային կարիքները հոգալու, ժամանակավոր ապաստարաններում նրանց կենցաղային խնդիրների լուծման նպատակով փոխանցել է մեծածավալ մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների և բնաիրային այլ պաշարների տեսքով: Հումանիտար օգնությունը Արցախ է հասել հոկտեմբերի 1-ին՝ կազմելով շուրջ 145մլն դրամ։ Այս պահին արդեն աշխատանքը այստեղ տեղափոխվածներին օգնության տրամադրման ճիշտ տեղաբաշխումն է։
Արցախից ժամանած փոքրիկների կարիքների, աջակցության մասով համակարգում իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստանի»-ի երեխաների պաշտպանության ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանն է փաստում՝ աշխատում են պետական մարմինների հետ համագործակցելով․
«Սերտ համագործակցում ենք բոլոր նախարարությունների, ՏԻՄ-երի հետ, փորձում ենք իրենցից ստանալ տեղեկությունները, թե ում, ինչ է պետք, որպեսզի աշխատանքի վերածածկեր չլինեն։ Չունենանք իրավիճակ, որ օգնություն ուղորդվի մի տեղ, մյուս տեղը մնա բաց»։
Իսկ տարեցների խնամքն ու աջակցությունը համակարգում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը․
«Հիմնականում տարեցներին, հղի կանանց է օգնություն ցուցաբերվում։ Տալիս ենք սննդի, հագուստի, անկողնային պարագաների աջակցություն։ Դրանք հիմնական կարիքներն են, որոնք տալիս ենք միանգամից դիմորդներին,-ներկայացնում է փոխնախագահ Ալլա Հարությունյանը,- ժամանակավոր կացարան ենք տրամադրում տարեցներին, քանզի ունենք հնարավորություն տարեցների կացարան։ Լավ է, որ ձևավորվել է շտաբ, որից կարողանում ենք համակարգել մեր աշխատանքները»։