Իսլանդացի բժիշկների խումբը կամավոր գալիս է Հայաստան, կօգնեն տրանսպլանտների կիրառման գործում
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա իմ լավ բարեկամ, իսլանդացի հայտնի բժիշկ Հիլմար Կյարտանսոնից, ում հետ հեռախոսազրույց էի ունեցել առավոտյան և դիմել մի խնդրանքով։
Բժիշկ Կյարտանսոնը սիրով ընդառաջեց խնդրանքիս՝ բժիշկների թիմով այցելել Հայաստան՝ օգնելու և վերապատրաստելու մեր բժիշկներին իսլանդական տրանսպլանտների կիրառման գործում։
Հիլմարի հետ Հայաստան է ժամանում նաև անգլիացի լեգենդար ռազմական բժիշկ, այրվածքաբան/վնասվածքաբան Սթիվեն Ջեֆրին, որը աշխարհի տարբեր կոնֆլիկտային գոտիներում հումանիտար առաքելության ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Սթիվեն Ջեֆրին «Բիրմինգհեմի ռազմական բժշկության արքայական կենտրոն»-ի, ինչպես նաև Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի» պրոֆոսոր է։
Բժիշկներն առավոտյան արդեն կլինեն Հայաստանում և անմիջապես գործի կանցնեն «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանի և մեր բժշկական թիմի հետ միասին։
Նշեմ, որ Հիլմար Կյարտանսոնի հետ համագործակցության համաձայնություն եմ ձեռք բերել դեռ ընթացիկ տարվա հունվարին Իսլանդիա կատարած այցիս շրջանակներում։ Բժիշկները գալիս են կամավոր և առանց որևէ շահույթ հետապնդելու։