Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանը տուգանվեց

Տնտեսություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերությանը տուգանեց ընդհանուր` 2,5 մլն դրամով` օղու շուկայում անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու համար: «Ալեքս Գրիգ»-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Հանձնաժողովը պարզել է, որ «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Ուկրաինա» անվանումով օղու ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է ուկրաինական «Ալեք-Վինալ» ընկերությանը պատկանող «Ուկրաինկային», «Խլոպցի» անվանումովը` ուկրաինական «Խորտիցային», «Մեդոֆե»-ինը բրիտանական «Մեդոֆֆ» անվանումով ապրանքային նշանին, «Պրեմիումը»` ուկրաինական «Պրայմին»: Շփոթության մեջ է գցում նաեւ «Խլեբնիյ դար» անվանումով օղին:
Մասնագետների գնահատմամբ՝ «Ալեքս Գրիգ»ի օղիներրը սպառողի մոտ կարող են շփոթություն առաջացնել, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է եւ արգելվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։

Միաժամանակ Հանձնաժողովը ընկերությանը հանձնարարեց 10-օրյա ժամկետում ներկայացնել տուգանքների վճարումը հավաստող տեղեկատվություն, ինչպես նաեւ այդ օղիների իրացումը դադարեցնել եւ հետագայում բացառել։

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ ընկերությունը տուգանվել է օրենքով սահմանվածի առավելագույն չափով:

Ի դեպ, հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց` առանց լսելու «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցչի փաստարկները :

Ընկերության ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը բողոքեց, որ իր խոսքը չլսեցին, իսկ Հանձնաժողովի նախագահը փորձեց մեղմել նրան եւ առաջարկեց որոշում կայացնելուց հետո ելույթ ունենալ:

«Պետք է իմ դիրքորոշումը ներկայացնեի հանձնաժողովի համար, ոչ թե այլ անձանց համար: Իսկ որոշում կայացնելուց հետո պարզապես անիմաստ է»,- ասաց փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, որը սակայն ավելի ուշ լրագրողներին մեկնաբանություններ տվեց:

Վերջինս օղիների նմանակումը անբարեխիղճ մրցակցություն չի համարում: Ըստ փաստաբանի ` անբարեխիղճ մրցակցություն կլիներ այն դեպքում, եթե այդ իրականացներ հակամրցակցային նպատակով: Բացի այդ նա համարում է, որ այս Հանձնաժողովը չէ, որ պետք է քննարկեր այդ հարցը, այլ` դատարանը.

Նա վստահեցրեց, թե բողոքարկելու են Հանձնաժողովի որոշումը: Ի դեպ, «Ալեքս Գրիգն» այսօր տուգանվեց նաեւ 500000 դրամով` շաքարավազի եւ կարագի շուկայում իր գործունեության մասին տեղեկատվություն չտրամադրելու համար: