ԱՄՀ-ն կանխատեսում է 6% գնաճ
Աջակցիր «Ա1+»-ինԱրժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` Հայաստանում 2010թ. Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կլինի 4 տոկոս: Իսկ գնաճը, ըստ նրա` տարվա կտրվածքով կլինի 6%: Այսօր այդ մասին լրագրողներին հայտնեց ԱՄՀ Հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: Փաստորեն` ԱՄՀ-ը փոխել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ իր կանխատեսումները, քանի որ նախկինում կանխատեսվում էր 1.2-2% ՀՆԱ աճ:
Այսօր ավարտվում է Մարկ Լյուիսի երեւանյան այցը: Այս ընթացքում նա համաձայնության է եկել իշխանությունների հետ «Երկարաձգվող ֆինանսավորման» եւ «Երկարաձգվող վարկավորման» շրջանակում պայմանավորվածությունների վրա հենվող ծրագրի շուրջ: Այն ենթակա է հաստատման ԱՄՀ-ի ղեկավարության եւ գործադիր խորհրդի կողմից: Ծրագրի շրջանակում հասանելի ֆինանսավորումը կկազմի 392 միլիոն դոլար, որը կտրամադրվի մինչեւ 2013թ. հունիսը: Խորհրդի կողմից ծրագրի հաստատումը հնարավորություն կտա Հայաստանին օգտագործել շուրջ 52 մլն դոլար:
«Թեեւ տնտեսական պայմանները դեռեւս ծանր են, սակայն Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Ակնկալվում է, որ 2010թ. աճը կսկսի վերականգնվել, արտաքին փոխանցումների ծավալը վերականգնվում է, պետական ֆինանսների վիճակը բարելավվել է: Գնաճը դեռեւս բարձր է` կապված առաջարկի տարբեր ցուցումների հետ, սակայն այս տարվա ընթացքում այն պետք է աստիճանաբար նվազի»,- կարծում է Մարկ Լյուիսը:
Ըստ նրա` Հայաստանի արտաքին պարտքի ծավալը մտահոգիչ է, սակայն պարտքը կայուն է եւ կառավարությունը լիովին ունակ է վճարել պարտքը. «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել հետագա վարկային ծրագրերին եւ թույլ չտալ, որ արտաքին պարտքը ապագայում շատ արագ աճի»:
Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչ -որ քայլեր տեսնո՞ւմ է Հայաստանի տնտեսության օլիգոպոլ կառուցվածքի հաղթահարման ուղղությամբ, նա պատասխանեց, թե վաղաժամ է ասել` արդյոք օլիգոպոլիայի դերը տնտեսության մեջ նվազել է, թե ոչ:
Ի դեպ, նա նշեց, որ իշխանությունները հանձն են առել հարկային վարչարարության բարելավումների միջոցով ընդլայնել հարկման բազան, ինչը կարեւոր է Հայաստանի համար:
Մարկ Լյուիսի պնդմամբ` կան կարծիքներ, որ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաները սխալ են գործում, որովհետեւ ոչ պատշաճորեն են վերաբերում որոշ հարկ վճարողների, ինչը նախ ազդում է պետության ֆինանսական կարողության վրա, հետո էլ խոչընդոտում է գործարար միջավայրի զարգացմանը:
«Պետությունը եթե ուզում է տնտեսական աճ արձանագրել, ուրեմն պետք է այս խնդիրները լուծի»,- ասաց նա: