Ռաֆայել Նադալը 1000-րդ հաղթանակի մասին՝ դա նշանակում է, որ արդեն ծեր եմ
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Փարիզում ընթացող «Մաստերս» կարգի մրցաշարում պարտության է մատնելով իր հայրենակից Ֆելիսյանո Լոպեսին, իր կարիերայում տարել է թվով 1000-րդ հաղթանակը: 34-ամյա թենիսիստն այսպես է մեկնաբանել պատմական այդ հաղթանակը:
«1000-րդ հաղթանակը նշանակում է, որ ես արդեն ծեր եմ: Ինձ հաջողվեց հասնել այդ նշագծին, քանի որ երկար տարիներ է, որ հաջող հանդես եմ գալիս: Դա ինձ շատ ուրախացնում է: Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր օգնել են ինձ իմ կյանքի յուրաքանչյուր պահին:
Հանդիպումը շատ վատ սկսեցի, քան կարող էի պատկերացնել՝ հաշվի առնելով Ֆելիսի ուժեղ մատուցումները: Հետո խաղացի ճնշման տակ, բայց, այնուամենայնիվ, գտա հաղթելու ուղին: Դա ամենակարևորն էր: Ես հպարտ եմ այս հաղթանակով: Նման հաղթանակները ավելի հաճելի են, քան 6:3, 6:3 հաշվով հաղթանակները», - մրցաշարի կայքով ասել է անվանի թենիսիստը:
Ռաֆայել Նադալը թենիսի պատմության մեջ դարձավ չորրորդը, ում հաջողվեց հատել 1000 հաղթանակի սահմանը: Տղամարդկանց պրոֆեսիոնալ թենիսում բոլորից շատ հաղթանակ տարել է ամերիկացի Ջիմի Քոնորսը՝ 1274: Նրան հաջորդում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 1242 հաղթանակ, ապա չեխոսլովակցի Իվան Լենդլը՝ 1068: