«Երկիրը կանգնած է քաղաքացիական պատերազմի եզրին» ․ քննարկում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲանախոսներ՝
- Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
- Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ
- Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն
- Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
«Ատելության խոսքի կամ հայհոյանքի տարածումը հետեւանք է եւ դրսեւորումներն են այն քաղաքական միջավայրի, որը ձեւավորվել է մեզ մոտ, իսկ այդ միջավայրը ենթադրում է, որ երկու հիմնական կողմեր այս իրավիճակում փոխարեն գտնեն այս ճգնաժամից դուրս գալու ուղիներ եւ լուծեն անմիջական հարցրեր, որոնք առաջնային են հասարակության համար, փոխարենը զբաղված են քաղաքական պայքարով»,-այսպիսի կարծիք այսօր հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Մեդիա կենտրոնում» ատելության եւ բռնության կոչերի տարածում թեմայով քննարկման ժամանակ պարոն Նավասարդյանն ասաց, որ եթե ընդդիմության դեպքում վերոնշված գործընթացն ինչ-որ առումով հասկանալի է, որովհետեւ վերջին շաբաթներում ընդդիմությունը լինելով քաղաքական գործոն՝ զրկված էր որեւէ հնարավորություններից՝ ազդելու իրավիճակի վրա, նույնիսկ խորհրդակցական գործընթացում մասնակցելուց․
«Եւ կարելի է ասել՝ ընտրությունն ընդդիմադիր կուսակցությունների համար բավականին բարդ էր՝ կամ ընդհանրապես բացառել մասնակցությունը քաղաքական գործընթացներում եւ երկրի կյանքում կամ գնալ այդ բողոքի ցույցներին։ Այստեղ որեւէ անբնական բան չեմ տեսնում։ Իշխանության պահվածքը, միանշանակ, անբնական է։
Մենք տեսնում ենք, որ խորհրդարանական երկրում ԱԺ-ի մեծամասնությունը որեւէ գործունեությամբ զբաղված չէ կամ այդ գործունեության մասին տեղեկացված չէ հասարակությունը։ Եվ դա արդեն անթույլատրելի է։ Եթե այսօր խորհրդարանական մեծամասնությունը չներկայացնի իր պատկերացումները, թե ինչ ելքեր ունեն այս իրավիճակից դուրս գալու եւ չներկայացնի այն գործնական քայլերը,որ պետք է արվեին օր առաջ, քանի որ ամեն րոպե մենք կորցնում ենք մեր թանկ ժամանակը, ապա նրանք դադարում են ընդհանրապես քաղաքական գործոն լինելուց»։