Բացել լրահոսը Փակել լրահոսը
537C9D83-09E4-4CE2-AB74-6C8A7BEAA0EC_cx0_cy7_cw0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Դեմոկրատ կոնգրեսականները նամակ են գրել Բայդենին՝ վերանայելու ԼՂ-ի նկատմամբ քաղաքականությունը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականները ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված թեկնածու Ջո Բայդենին կոչ են արել պետության բարձրագույն պաշտոնը ստանձնելուց հետո վերանայել երկրի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին:

Այդ մասին կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը և Ջեքի Սփիրը նամակ են գրել Բայդենին: Նրանք նշել են, որ Հայաստանը հրադադարին համաձայնել Է Ռուսաստանի միջնորդությամբ, որպեսզի «խուսափի խաղաղ հայ ժողովրդի դեմ զանգվածային վայրագություններից, բայց հսկայական կորուստների գնով ու, թեև ամերիկացիները ողջունում են խաղաղությունը, նրանք նույնպես խորապես անհանգստացած են այդ համաձայնագրի մոտալուտ և երկարաժամկետ հետևանքներից, որը ոչ մի ձևով չի լուծում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը»:

Կոնգրեսականները համոզված են՝ ԱՄՆ-ի ապագա նախագահի վարչակազմը պետք է այս պայմաններում դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որի ընդհանուր գումարը վերջին երկու տարում կազմել Է ավելի քան 100 միլիոն դոլար: Բացի այդ, անհրաժեշտ Է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում՝ նպաստելով «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշմանն այնպես, որպեսզի դա համապատասխանի ինքնորոշման իրավունքին»:

Մեկնաբանելով «Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները՝ կոնգրեսականները նաև կոչ են արել վերանայել ԱՄՆ-ի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ, քանի որ, նրանց կարծիքով, «պատերազմը, որը սանձազերծվել Է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրացի վարձկանների աջակցությամբ, հանգեցրել Է զանգվածային հումանիտար աղետի»:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա հակամարտության առնչությամբ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը և մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

Դեսպանի խոսքով՝ մշտապես ասվել է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ցավակցություն հայտնելով վերջին շրջանի գործողությունների հետևանքով կորսված կյանքերի համար, այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում, դեսպանն ընդգծել է, որ իրավիճակի զարգացման և նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնության մասին ավելին իմանալուն զուգընթաց պետք է անդրադարձ կատարվի թափանցիկ խաղաղության ապահովման հարցում միջազգային հանրության և ԵԱՀԿ-ին վերապահվող դերակատարմանը։

Դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ն ընդգծել է, որ այս հակամարտությունը չափից դուրս երկար է շարունակվում։ Հակամարտության ազդեցության գոտում ու տարածաշրջանում գտնվող մարդիկ շատ բարձր գին են վճարում դրա համար։ Նա հույս է հայտնել, որ տևական խաղաղությունն իրենց տեսադաշտում է։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ Մինսկի խումբը պատրաստ կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղում կայուն ու հարատև խաղաղության հաստատմանը: