Ազգերի լիգա. Ֆրանսիան մտավ եզրափակիչ քառյակ, Պորտուգալիան վայր դրեց լիազորությունը
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում տեղի ունեցան ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպումները:
Ա լիգայում հայտնի դարձավ առաջին հաջողակը, որը եկող տարի հանդես կգա եզրափակիչ քառյակում: Դա աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն է, որը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիային և ժամանակից շուտ իր խմբում զբաղեցրեց 1-ին տեղը: Այդպիսով, պորտուգալացիները, որոնք հաղթել էին լիգայի անդրանիկ մրցաշարում, վայր դրեցին իրենց լիազորությունը:
Վերջին տուրից առաջ եզրափակիչ քառյակ մտնելու շանսեր ունեն 7 թիմեր: Առավել բարդ իրավիճակ ստեղծվել է ընտրական 1-ին խմբում, որտեղ առաջին տեղի համար պայքար են մղում միանգամից երեք հավաքականներ՝ Իտալիան, Նիդեռլանդները և Լեհաստանը: 2-րդ խմբում միակ ուղեգիրը կվիճարկեն Բելգիան ու Դանիան, իսկ 4-րդում՝ Գերմանիան ու Իսպանիան:
Արդեն հայտնի են նաև երկու անհաջողակները, որոնք զբաղեցրել են վերջին 4-րդ տեղը և դուրս են մնացել ուժեղագույնների լիգայից: Դրանք են Բոսնիա և Հերցեգովինայի և Իսլանդիայի հավաքականները:
B լիգայում բոլոր թիմերը դեռ պայքարում են A լիգա տեղափոխվելու, ինչպես նաև վերջին տեղից խույս տալու համար: Այստեղ խճճված իրավիճակ է ստեղծվել ընտրական 3-րդ խմբում, որտեղ 1-ին տեղին հավակնում են Ռուսաստանը, Հունգարիան և Թուրքիան:
C խմբի արգելքը նույնպես ոչ մի թիմ դեռ չի հաղթահարել: Բոլոր խմբերում երկուական թիմեր շարունակում են պայքարել կարգի բարձրացման համար: Դրանց թվում է նաև Հայաստանի հավաքականը, որը 5-րդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն, վաստակեց 8 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երկու թիմերը միմյանց հետ կհանդիպեն նոյեմբերի 18-ին, որի ժամանակ էլ կորոշվի խմբի հաղթողը:
Ամենացածր D լիգայում նույնպես յուրաքանչյուր խմբից երկուական թիմ պայքարում է 1-ին տեղի համար:
Ազգերի լիգայի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 17-ին և 18-ին: