A
A
Նկատվել է ծառահատումների աճի միտում, ինչն անթույլատրելի է. Շրջակա միջավայրի նախարարություն
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են.
«Մինչև պետական կառավարման մարմինները կթոթափեն պատերազմական գործողությունների և ռազմական դրության խիստ լարված աշխատակարգի հետևանքները և պետական կառավարման ինստիտուտները կանցնեն բնականոն գործունեության փուլ, Շրջակա միջավայրի նախարարությունը ակտիվ աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացնում՝ կուտակված խնդիրները գույքագրելու և ըստ առաջնահերթության դրանց լուծմանն ու կայուն զարգացման ծրագրերի վերագործարկմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով։
Ինչպես հավանաբար գիտեք՝ պատերազմական օրերին Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ զորակոչվել և կամավորական հիմունքներով համալրել էին ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Այդ ընթացքում անտառտնտեսություններն ու ազգային պարկերը, թեպետ խիստ սակավ աշխատախմբերով, բայց և շարունակել են անշեղորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրներն ու ծրագրերը։ Նման իրավիճակում նկատվել է ծառահատումների աճի միտում, ինչն անթույլատրելի և օրենքով արգելված արարք է։
Այսօր արդեն մեր գործընկերները մեծ մասամբ վերադարձել են առաջնագծից և անցնում են իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը, որը ևս խիստ կարևոր է՝ ամրացնելու թիկունքը և ապահովելու տնտեսության կայուն զարգացումը։
Մեր հայրենակիցներին ցանկանում ենք տեղեկացնել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին և ջեռուցման սեզոնի մեկնարկի հետ պայմանավորված մի շարք անտառտնտեսություններում այս պահին իրականացվում են օրինական ծառահատումներ և փայտանյութի տեղափոխում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահեստներ՝ հետագայում օրենքով սահմանված կարգով ՀՀ բոլոր մարզերում դրա իրացումը կազմակերպելու նպատակով։
այնուամենայնիվ, շնորհակալ ենք ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի և հնչեցրած ահազանգերի համար և խնդրում ենք հնարավոր անտառհատումների և փայտանյութի տեղափոխման դեպքերի մասին վերաբերյալ ահազանգելիս անպայմանորեն նշել այն տեղափոխող մեքենայի պետհամարանիշը և աշխարհագրական տեղադիրքը, որպեսզի կարճ ժամանակում հնարավոր լինի տեղորոշել այն և պարզել դեպքի օրինականությունը։
Նախարարությունն իր ենթակա ՊՈԱկ-ների հետ այսուհետ ևս հետևողական է լինելու մեր երկրում շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված իր լիազորություների ամբողջական իրացմանը և արձանագրված խախտումներին իրավական և վարչական գնահատական տալու գործում»: