Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Իմ քայլի» պատգամավորները պետք է ոչ թե մանդատը վայր դնեն, այլև դուրս գան խմբակցությունից․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«Դաշնակցություն» կուսակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն ասում է, որ Հայրենիքի փրկության շարժումն այս փուլում առաջադրում է միայն վարչապետի թեկնածու։ Դեռ չեն քննարկվել ստվերային կառավարություն ստեղծելու կամ նախարարների անուններ նշելու հարցերը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները երեկ, որպես ապագա վարչապետ, ներկայացրել են Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

«Մենք հայտարարել ենք, որ մեր գործողությունները լինելու են սահմանադրականության և օրինականության ներքո։ Սահմանադրությունը նախատեսում է երկու հիմնական մեխանիզմ՝ առաջինը վարչապետի ինքնակամ հեռանալն է, երկրորդը՝ պաշտոնանկությունը։ Մենք տեսնում ենք, որ վարչապետը ինքնակամ ոչ միայն չի հեռանում, այլև սոսնձվել է այդ աթոռին, փորձում է ամեն գնով պահել աթոռը։ Եվ երկրորդ տարբերակը՝ ԱԺ պատգամավորների 67 կողմ ձայներով ընտրել վարչապետ, ինչի արդյունքում գործող վարչապետի լիազորությունները կհամարվեն դադարեցված»,- ասում է Ա․Մինասյանը։

ՀՅԴ-ական գործիչն ասում է, իրենց ցանկությունն է, որ իշխանական խմբակցությունները ոչ թե մանդատը դնեն ու գնան, այլև հակառակը՝ մանդատը պահեն և դուրս գան խմբակցությունից։ Կամ՝ առնվազն արտահայտեն իրենց դիրքորոշումը, որ այսպես շարունակել հնարավոր չէ, և պետք է տեղի ունենան փոփոխություններ։ «Հավատում եմ, որ կան անհրաժեշտ քանակի պատգամավորներ, ովքեր ունեն պետական մտածողություն, այս իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու և հայրենիքի փրկության կողմը կանգնելու պատկերացումներ»,- ասում է նա։

Արծվիկ Մինասյանն ասում է, որ վարչապետի փոփոխության համար «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամներից բացի անհրաժեշտ է նաև «Իմ քայլը» խմբակցության մոտ 20 պատգամավորի ձայն, որ կարողանան ապահովել նոր վարչապետի ընտրությունը։ ՀՅԴ-ական գործչի ներկայացմամբ իրենք հիմա աշխատում են այդ ուղղությամբ։

 

Մանրամասները՝ տեսանյութում