Ինչո՞ւ են պահանջում Փաշինյանի հրաժարականը, բայց չեն ուզում արտահերթ ընտրություններ․ Հ․Գևորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու անկախ այն հանգամանքից, որ 17 կուսակցություններից բաղկացած Հայրենիքի փրկության շարժումը նրան մինչև երեքշաբթի ժամը 12։00-ը ժամանակ է տվել։ Պատգամավորի ներկայացմամբ, այդ ուժերը չունեն ժողովրդի աջակցությունը։
«Տվյալ դեպքում գործ ունենք ռևանշիստների հետ։ Շարժման կորիզը կազմում են երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Ամեն ինչ պտտվում է այդ երեքի՝ կոալիցիոն գործընկերների շուրջ»,- ասում է նա։
Հ․Գևորգյանի խոսքերով շարժման գործողություններում կա մի շատ կարևոր դետալ՝ նրանք չեն ձգտում հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
«Շատ լավ գիտեն, թե ինչ արդյունք է լինելու այդ պարագայում։ Կան մի քանի անկախ սոցհարցումներ, որոնց արդյունքներին տեղյակ են նաև իրենք։ Շատ ավելի ընդգրկուն են և վստահելի սոցհարցումներ են, որոնց արդյունքներով Ն․Փաշինյանի թիմը կրկին մեծամասնություն է ունենալու խորհրդարանում։ Իհարկե, մենք չունենք նախկին աջակցությունը, բայց խոսքը գնում է միայն ռեյտինգի նվազման մասին։ Եվ դա է պատճառը, որ այդ կուսակցությունները ձգտում են հասնել վարչապետի հրաժարականին և ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նրանց հաշվարկն այնն է, որ կփոխվի կառավարությունը, և արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան իրենց վերահսկողության ներքո։ Բայց Ն․Փաշինյանի վարչապետության ժամանակ ընտրությունները չեն կեղծվել, իրենց ժամանակ կեղծվել են։ Եվ ուզում են որ ընտրություններն անցնեն իրենց վերահսկողությամբ և իրենց ստանդարտներով։ Դա չի լինելու»,- եզրափակեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում