Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցանիշներին պետք է զգուշությամբ մոտենալ

Տնտեսություն

Անցյալ տարվա ճգնաժամից հետո երկրի տնտեսությունը վերականգնման բարձր ցուցանիշներ է ցույց տալիս, սակայն փորձագետների կարծիքով`դեռ չափազանց վաղ է խոսել տնտեսական կայունության մասին:

Նաիրա Մելքումյան, Կովկաս

Տարվա առաջին 4 ամիսների ընթացքում տնտեսության զարգացման ցուցանիշներից ոգեւորված կառավարությունը խիստ գոհ է այդ ուղղությամբ իր վարած քաղաքականությունից: Սակայն ընդդիմության ակտիվիստները եւ շատ գործարարներ այն կարծիքին են, որ իշխանությունները շտապում են եզրակացություններ անել. անհրաժեշտ է դեռ համոզվել`արդյոք անցյալ տարվա ճգնաժամից հետո տնտեսական վիճակը կկայունանա:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն`այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում 7.2% տնտեսական աճ է գրանցվել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մինչդեռ 2010-ի բյուջեում տնտեսական աճի ցուցանիշը 1.2% է նախատեսված եղել:

«Հակաճգնաժամային քայլերի իրականացման արդյունքում հնարավոր եղավ կանգնեցնել 2009-ի առաջին կիսամյակում գրանցված 18.3 տոկոսանոց արագ անկումը եւ բավական բարենպաստ պայմաններ ստեղծել 2010 թվականին տնտեսական աճի համար», - Խորհրդարանում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Սակայն շատ գործարարներ թերահավատությամբ են լցված այս հակաճգնաժամային մեթոդների նկատմամբ: Շոկոլադի ներկրմամբ զբաղվող մի գործարար, ով նախընտրեց չնշել իր անունը, վրդովմունքով նշեց, որ ներմուծվող ապրանքների համար գանձվող հարկերը նույնն են մնացել, միայն մաքսային ընթացակարգերն են պարզեցվել, մինչդեռ արտահանողները հարկային արտոնություններից են օգտվում:
«Ոչ մի փոփոխություն դեպի լավը չեմ տեսնում: Այժմ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 30-35 տոկոսով, խանութներում եւ ամբարներում դեռ շատ չվաճառված ապրանք կա: Հնարավոր է`ստիպված լինեմ այն արտադրողին վերադարձնել, ինչը եւս ծախսատար է», - բողոքում է նա:

Փորձագետների խոսքերով`Հայաստանի բյուջեն երկար ժամանակ կախված է եղել նման ներմուծողներից: 2009-ին ներմուծման ծավալի կրճատման հետեւանքով`մաքսային տուրքերը կրճատվեցին 60 միլիարդ դրամով կամ 20.7 տոկոսով:

Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր խորհրդարանական ուժերը կառավարությանն անհեռատեսության մեջ են մեղադրում եւ կարծում են, որ մակրոտնտեսական ցուցանիշների վերանայումը մեկ այլ բացասական ազդակ կհանդիսանա տնտեսության համար:
«ՀՆԱ արագ աճի պայմաններում հարկավոր կլինի ավելի շատ հարկեր հավաքել, իսկ դա կառավարության ուժերից վեր է, քանի որ այն պատկերացում չունի ոչ միայն երկրի իրական տնտեսության,այլեւ այն իրական աշխատանքի մասին, որը թույլ կտար նշանակալի բարեփոխումներ իրականացնել տնտեսության մեջ», - ասում է Խորհրդարանում ընդդիմադիր Դաշնակցական կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքերով`չնայած մակրոտնտեսական ցուցանիշների վերանայումը որոշ առումով հիմնավորված է, սակայն տվյալ դեպքում այն արդարացված չի լինի, քանի որ տնտեսության վերականգնումը դեռեւս մեծ ռիսկի տակ է, հատկապես հաշվի առնելով երկրում կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության մակարդակը: Մինասյանը կարծում է, որ այս ամենը հաշվի առնելով, կառավարությունը պետք է ավելի խելամիտ լինի`տնտեսական աճի ցուցանիշներով պարծենալու փոխարեն:

Ըստ պաշտոնական տվյալների`2009-ի բյուջեի եկամուտները կրճատվել են 12.1 տոկոսով 2008 թվականի համեմատությամբ, ինչը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 15.9%-ով կամ 300 միլիոն դոլարով կրճատմամբ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, սակայն, պնդում է, որ իրադրությունը փոխվել է:
«Այո´, անցյալ տարի մենք հարկահավաքման ոլորտում խնդիրներ ունեինք, 15.9%-ով պակաս հարկեր հավաքեցինք շինարարության, ներմուծման, տեղական արտադրանքի, լեռնարդյունաբերության, սպասարկման եւ գյուղատնտեսության հետ կապ ունեցող սեկտորներում: Սակայն այս տարի հարկահավաքման պակասի հետ կապված խնդիրներ չկան, հակառակը`այս տարվա բյուջեն կգերակատարվի»:

Սակայն փորձագետներն այն կարծիքին են, որ հարկային եկամուտները հիմնականում փոխհատուցվել են փոքր ձեռնարկությունների հաշվին, եւ այս միտումը շարունակվում է նաեւ այս տարի:
Ըստ ֆինանսների նախարարության տվյալների`վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում մշտապես 612 ձեռնարկություն է եղել, որոնց չափաբաժինը վճարված հարկերի ընդհանուր ծավալում անընդհատ կրճատվել է: Եթե 2007-ին այս ցուցանիշը 52.6 տոկոս էր կազմում, ապա 2008-ին այն հասավ 49%, իսկ 2010-ին`46.3%: Սա դեպի տնտեսական բազմազանություն տանող սպասված փոփոխություն է համարվում:

Միեւնույն ժամանակ, միջազգային փորձագետները դրական են գնահատում կառավարության հակաճգնաժամային միջոցառումները եւ նշում, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, բարելավվում են անհատական փոխանցումների եւ պետական ֆինանսների ոլորտները:
Միջազգային արժույթային հիմնադրամն արդեն իսկ վերանայել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ սեփական կանխատեսումները`տնտեսական աճի ցուցանիշը 1.8%-ից հասցնելով 4 տոկոսի, իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 10% տնտեսական աճ է կանխատեսել:

Որոշ տնտեսագետների կարծիքով, սակայն, 2010թ. ՀՆԱ աճը այսքան զգալի է թվում միայն այն պատճառով, որ այն համեմատվում է անցյալ տարվա խիստ ցածր ցուցանիշի հետ:
«Եթե սա համեմատենք անցյալ տարվա հետ, երբ ճգնաժամի պատճառով բոլոր արդյունաբերական ընկերությունները լճացման փուլում էին, ապա այսօր աճ կա: Սակայն դա ոչ թե իրական, այլ ավելի շուտ վերականգնողական տնտեսական աճ է, որը կվերադարձնի նախանցյալ տարվա ցուցանիշները», - IWPR-ին ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Աննա Հարությունյանը:
Նրա կարծիքով`անցյալ տարվա համեմատությամբ այս տարի հունիսին երկրում բարձր տնտեսական աճ կլինի, սակայն տարեկան կտրվածքով այն չափավոր կլինի եւ կկազմի 5-6 տոկոս: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ եթե նախկինում`մինչեւ ճգնաժամը, ՀՆԱ ծավալի հիմնական մասը բաժին էր ընկնում շինարարությանը (40%), ապա այժմ հիմնական շեշտը դրվում է արդյունաբերության վրա:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունը վճռել է տնտեսության այլ ճյուղերին էլ զարգացման հնարավորություն ընձեռել:
«Ճգնաժամից մեր քաղած հիմնական դասերն այն են, որ տնտեսական բազմազանության ցածր մակարդակը մեր տնտեսությունն ավելի խոցելի է դարձնում, հաշվի առնելով ՀՆԱ կառուցվածքը, շինարարության ոլորտը, որը դրա հիմնական մասն էր կազմում, լուրջ վնաս է հասցրել տնտեսությանը», - նշել է վարչապետը:

2009-ին կառավարության հակաճգնաժամային քայլերից էր տեղական արտադրողական ձեռնարկությունների քաջալերման քաղաքականությունը, մասնավորապես արդյունաբերական սեկտորին 100 միլիոն դոլարի սուբսիդավորում տրամադրելու միջոցով:
Սակայն սա դեռ ամենը չէ: Փորձագետների կարծիքով`տնտեսական աճի պայմաններում Հայաստանի համար առաջին մարտահրավերը ինֆլյացիան է, որի մակարդակը բյուջեում նախատեսված է 4±1.5%:

«Եթե տնտեսական աճը Հայաստանում տարվա ընթացքում կազմում է մոտ 6 տոկոս, ապա առաջին հերթին խնդիրներ են ծագում ինֆլյացիայի հետ: Ճիշտ է`վերջին ամսվա ընթացքում գնաճը կրճատվել է 0.4 տոկոսով`հասնելով 8%, սակայն միեւնույն է, այս ցուցանիշն ավելի բարձր է, քան նախատեսված է բյուջեում: Կարծում եմ`ՀՆԱ աճը թույլ կտա կառավարությանը եւ Կենտրոնական բանկին աճի համեմատ թեթեւ ճնշման պայմաններում միացյալ ուժերով կրճատել ինֆլյացիան», - IWPR-ին ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` ինֆլյացիայի մակարդակը կշարունակի նվազել, սակայն անկախ փորձագետներից շատերն այն կարծիքին են, որ այն կշարունակի բարձր մնալ:

«Ինֆլյացիան բարձր կլինի, եւ դա անխուսափելի է, երբ տնտեսության մեջ շատ փող են ներդնում: Անցյալ տարի Հայաստանը շատ վարկ ստացավ, ինչի արդյունքում պետական պարտքը հասավ 3 միլիարդ դոլարի: Պարտադիր չէ, որպեսզի աճեն միայն սպառողական գները, Կենտրոնական բանկը կարող է կարգավորել այդ գործընթացը. ինֆլյացիան ավելի լայն հասկացություն է», - նշում է տնտեսագետ Աննա Հարությունյանը:

Նաիրա Մելքումյանն ազատ լրագրող է Երեւանում: