Քանդել են մանրակերտը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Ազգագրության թանգարանի («Սարդարապատի թանգարանի») նախամուտքում տեղադրված «Հայկական լեռնաշխարհ» մանրակերտը քանդվել եւ տեղափոխվել է թանգարանի կինոխցիկ:
Հայկական լեռնաշխարհի մանրակերտը, որն ամբողջացնում էր թանգարանի ցուցադրությունը, մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը քանդվել է եւ փոխարենը տեղադրվել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցադրություն:
Սարդարապատի թանգարանի ոչ նյութական մշակույթի բաժնի տնօրեն Սուսաննա Մելիքյանը եւ ազգագրագետ Աշխունջ Պողոսյանն այսօր «Փաստարկ» ակումբում իրենց դժգոհությւոնները արտահայտեցին թանգարանում կատարված այս փոփոխության եւ տնօրենի նման որոշման դեմ: Ըստ նրանց` մանրակերտը ցուցադրությունից հանվել է առանց խորհրդակցելու թանգարանի աշխատակիցների հետ եւ միայն տնօրենի` Կարեն Արիստակեսյանի որոշմամբ:
Սուսաննա Մելիքյանի հավաստմամբ Կարեն Արիստակեսյանը պատճառաբանել է իր այս քայլը մանրակերտի վնասված եւ հին լինելով:
«Մանրակերտը գտնվում էր լավ վիճակում, որոշ հատվածներում էր միայն վնասված, եւ տարին մեկ անգամ այն նորոգվում էր: Տնօրենի եւ փոխտնօրենի պատճառաբանությունները անհիմն են եւ անհեթեթ: Նման դեպքերում այն ենթարկում են ռեստավրացիայի: Ռաֆայել Իսրայելյանին նվիրված ցուցադրությունը կարելի էր անել թանգարանի այլ սրահներում»- դժգոհում է Սուսաննա Մելիքյանը:
Ըստ Աշխունջ Պողոսյանի` նման փոփոխությամբ խախտվել է թանգարանի տրամաբանական ամբողջականությունը. «Մանրակերտը ունիկալ նմուշ էր, ներկայացնում էր հայերի էթնոգենեզը եւ հայկական քաղաքակրթության ձեւավորման տարածքը»:
«Թանգարանի աշխատակիցներից ինչու՞ է միայն նա բարձրաձայնում խնդրի վերաբերյալ» հարցին Սուսաննա Մելիքյանը պատասխանեց. «Որովհետեւ թանգարանի մյուս աշխատակիցները վախենում են խոսել: Իրար մեջ շշուկով խոսում են, սակայն բարձրաձայնել վախենում են: Նրանք աջակցում են ինձ բարոյապես, բայց վախենում են Արիստակեսյանից: Բոլոր որոշումները նա է կայացնում սկսած թանգարանի տոմիս թանկացումից»:
Սարդարապատի թանգարանի գիտական բաժնի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը այս ամենը համարում է ապատեղեկատվություն.
«Մանրակերտը, իսկապես բրենդ էր 1970-ական թվականների համար, ժամանակները փոխվել են: Այն կենտրոնական նմուշ չէ, չունի համարանիշ, հանվել է մանրաքանդակին նոր լուծում տալու համար նոր գիտատեխնիկակական տվյալներով: Մանրակերտը հանելու որոշումը կայացվել է քվեարկության եւ քննարկման միջոցով, որտեղ դեմ արտահայտվել է միայն Սուսաննան», -«Ա1+»-ին հեռախոսով հայտնեց նա: