Պետք է քննարկենք և հասկանանք՝ նոր առաջարկը տանո՞ւմ է ճգնաժամի հաղթահարման․ ՔՈ անդամը՝ վարչապետի առաջարկի մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Կուսակցությունում վարչապետի առաջարկությունը դեռ չի քննարկվել»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։
«Որպես նախկինում հնչեցրած մեր տեսակետ՝ այն է, որ մենք առաջարկում ենք , որ որոշակի անցումային շրջանում լինի չեզոք վարչապետ, որը չի ներկայացնում ո՛չ «Իմ քայլը»-ին, ո՛չ 17 քաղաքական ուժերին, ով կկայունացնի վիճակը, երկիրը կտանի արտահերթ ընտրությունների»։
Նահապետյանի խոսքով՝ իրենց ելակետային առաջարկը ճգնաժամի հաղթահարումն է և կայունության հաստատումը․
«Մենք պետք է քննարկենք և հասկանանք՝ այս նոր առաջարկը դրա հետ կապ ունի, թե ոչ և ինչքանով է նպատակահարմար»։
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը, և հրապարակի գործընթացը հասել է մարման, Նահապետյանն ասում է՝ կողմերի հնչեցրած գնահատականներին չի ուզում միանալ, բայց մեկ բան հստակ է․
«Եթե փողոցի շարժումը մարում է, հանրային տրամադրություններն ու դժգոհությունները հո չե՞ն մարում։ Օրինակ, եթե փողոցը տուն գնաց, միևնույնն է՝ մարդիկ իրենց տներում շարունակելու են դժգոհել քաղաքական համակարգից ու վիճակից։ Մեզ համար բացարձակ էական չէ՝ փողոցի շարժումը մարում է, թե չի մարում»,-եզրափակեց Նահապետյանը։