Դառնալ նոր ընտրությունների հրամանատար Նիկոլ Փաշինյանը պարզապես չի կարող․ Նարինե Դիլբարյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մենք ներկայացրել ենք մեր տեսակետը, որ անշուշտ Հայաստանին պետք են արտահերթ ընտրություններ, որովհետև ներկայիս խորհրդարանը չի արտահայտում այն հրամայականը, որը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում։
Այս մասին «Ա1+» -ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։
Դիլբարյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպվեն ժամանակավոր կառավարության ձևավորումից և մի քանի առաջնահերթ խնդիրների լուծումից հետո, որոնք, ըստ Դիլբարյանի, կապված են նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության բազմաթիվ անհայտ կետերի հետ․
«Դա ամենից առաջ վերաբերում է ՀՀ սահմանների գծմանը, որի մասին այդ հայտարարության մեջ ոչինչ չկա»,-ասում է Դիլբարյանը և հավելում, որ պետք է ենթադրել, թե եղել են այլ պայմանավորվածություններ, այլ արձանագրություններ․
«Հայաստանին պետք է բանակցել իրավիճակը կայունացնելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ըստ հնարավորության պաշտպանելու համար»։
Կուսակցության նախագահի համոզմամբ՝ իրավիճակի կայունացումից հետո այս Ազգային ժողովը ունի լրջագույն հանձնառություն փոխելու Ընտրական օրենսգիրքը և ստեղծելու այդ հնարավորությունը նոր Կառավարության և նոր վարչապետի ընտրության համար․
«Այդ նոր կառավարությունն ու նոր վարչապետը պետք է լինեն հնարավորինս կոնսենսուսային և իրենց արհեստավարժությամբ հայտնի մարդիկ, դրանից հետո, ըստ ամենայնի, 6 ամսվա ընթացքում կարելի է կայունացնել իրավիճակը և կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող այսպես սրընթաց երկիրը նետել դեպի ընտրությունների հորձանուտ, որովհետև իր գլխավոր հրամանատարության օրոք ՀՀ-ն, ԱՀ-ն ջախջախիչ պարտություն կրեցին, ուստի հիմա դառնալ նոր ընտրությունների հրամանատար Նիկոլ Փաշինյանը պարզապես չի կարող»,- եզրափակեց Դիլբարյանը։