Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Պարոն Մանուկյանը 96 թվականի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ՀԱՊԿ-ի անդամ չի համարվում այն տարածքը, որն ամրագրված է Լեռնային Ղարաբաղի սահմանադրության մեջ և համարվում է Լեռնային Ղարաբաղ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսպես արձագանքեց հարցադրմանը, թե ինչո՞ւ Հայաստանը պատերազմի ընթացքում չդիմեց ՀԱՊԿ-ին․ «Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ գործըկերային հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ին դիմելը կարող էր լինել անարդյունք, որովհետև ՀՀ-ն է անդամակցում ՀԱՊԿ-ին, ոչ թե Ղարաբաղը»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ղեկավարների և վարչապետ Փաշինյանի հանդիպմանը, Սիմոնյանն ասաց․ «Դուք գիտեք, որ վարչապետ Փաշինյանը առաջարկել է հանդիպումներ ունենալ և քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական և արտախորհրդարանակ ուժերի հետ»։

Հարցին, թե նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը ունի՞ գաղտնի մաս, Սիմոնյանն արձագանքեց, թե բազմիցս ասվել է, որ գաղտնի մաս այդ փաստաթուղթը չունի, և դրա մասին խոսելն անիմաստ է․

«Բնական է՝ կա բանավոր պայմանավորվածություն ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, այլ Ռուսաստանի Դաշնության հետ, որի մասին մամուլում գրվում է, որ սպասում է հանդիպում մոտ ապագայում»։

ԻՆչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Սիմոնյանն ասում է՝ կարծում է այդ ընտրությունները պետք են ժամ առաջ, բայց ժամկետները պետք է համաձայնեցվեն գործընկեր կուսակցությունների հետ։

«Ա1+»-ի դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, իրենց օրակարգում միայն վարչապետի հրաժարականն է, Սիմոնյանն ասաց․ «Շատ նորմալ է, որ ընդդիմության համար իշխանության գործող ղեկավարի հրաժարականը առաջնային է, նորմալ է, որ իրենց ղեկավարներին են տեսնում ղեկավար, եթե իրենց օրակարգում չկա արտահերթ ընտրությունների հարց, ժամկետների հարցում չենք կարողանա համաձայնություն ձեռք բերել, չեն լինի արտահերթ ընտրություններ»։

Ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանի պնդումներին, թե ամեն քվեախցիկի մոտ արյուն է թափվելու, եթե լինեն արտահերթ ընտրություններ, Սիմոնյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ՝ պարոն Մանուկյանը 96 թվականի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել, իր գնահատականները մնացել են 96 թվականում։ Եթե պարոն Մանուկյանը տեղեկություն ունի կամ արյունահեղություն է պատրաստել, դա այլ խոսակցություն է։ Նման հայտարարություններ անելը շատ բացասական երևույթ է, դա հրահրում է նման խոսակցություն և նման տրամադրություններ»։

Սիմոնյանը նաև պնդեց՝ իշխանությունն ի վիճակի է անցկացնել արտահերթ ընտրություններ: Հարցին՝ իսկ ժողովուրդը պատրա՞ստ է այդ ընտրություններին, Սիմոնյանն արձագանքեց․ «Իհարկե պատրաստ է, ես համարում եմ, որ հենց վաղն էլ պետք են ընտրություններ, բայց մենք քննարկում ենք սկում, որպեսզի հասկանանք՝ իրենք երբ են համարում, որ պետք են և ինչ պայմաններում դա հնարավոր կլինի իրագործել»։