Բացել լրահոսը Փակել լրահոսը
ժառանգություն-547x375
A A
Պաշտոնական

Ինքնախաբեությունը և ամբոխավարությունը այլևս հալածված պետք է լինեն Արցախից ու Հայաստանից. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության Ամանորյա ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ Հայաստան-Արցախ և ի սփյուռս աշխարհի, ավարտվում է Հայոց նորագույն պատմության ամենասև, կորստաբեր տարին: Մեր խորին վշտակցումն ու հուսաբեկության ամոքումն ենք հայտնում հազարավոր զոհերի ընտանիքներին, մեր սատարումն ու անդուլ ջանքերը փախստական դարձած մեր տասնյակ հազարավոր հայորդիներին նոր տուն կառուցելու, ավերվածը մոխիրներից բարձրացնելու սրբազան գործում: Փակենք ահազարհուր սխալներով և բացթողումներով  լեցուն հին տարին՝ դասեր քաղած, պատրանքներից ձերբազատված, իրականության հետ առերեսված ու ներկան ուղղելու ամուր բռուցք դարձած:  

2021 թվականը պիտի դառնա  հայոց պատմության հեղաբեկիչ վճռական նոր էջ՝ անմնացորդ հայրենանվեր աշխատանքի բոլոր սկզբունքային ոլորտներում: Ինքնախաբեությունը և ամբոխավարությունը այլևս հալածված պետք է լինեն Արցախից ու Հայաստանից, ինչպես նաև պառակտումն ու բաժանարարությունը, օտար խաղերը. փորձն ու արհեստավարժությունը, հայրենասիրությունը պիտի լինեն մեր միակ կողմնորոշիչները, զինքի ու զինվորի պաշտամունքով: 

«Ժառանգությունը» համոզված է՝ 2021 թվականը պիտի դառնա նոր իշխանության ձևավորման տարի՝ միակ տեսլականով. վերակերտել Հայաստանը իբրև տարածաշրջանային քաղաքական, տնտեսական նորարարական արդյունավետ պետություն, իբրև ինքնիշխան միավոր, որը վերստին ունակ է ապահովելու իր տարածքային ամբողջականությունը՝ նոր հայտ ներկայացնելու հայկականության պաշտպանության հավերժ գործընթացում: 2021 թվականը պատասխանատու տարի է, պատրաստ լինենք և արժանի ներքին ու արտաքին բոլոր մարտահրավերներին՝ հանուն Հայաստան-Արցախի իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր զոհերի պայծառ հիշատակի,  անհայտ կորածների հոգիների խաղաղության և գերյալների վերադարձի: 2021 թվականը բացառապես գործի և անծիր նվիրումի տարի է լինելու: 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն