Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն Տնտեսություն

Մի մասը պետք է մանդատը դնի ու գնա, մի մասն էլ խելոք, գլուխը կախ՝ կաշխատի․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

«Այն մարդիկ, ովքեր ընտրակաշառք բաժանելով՝ հասնում են ԱԺ ու իրենց լկտի են պահում, այդ լկտիությունը պետք է համարժեք արձագանք ստանա։ Թեև բռնությունը խիստ դատապարտելի է, քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, ժողովուրդը երբեմն ցանկանում է իրերն իրենց անուններով կոչել և իրենց տեղը դնել։ Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել իրերի տեղը դնելու գործընթաց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի վիճաբանությունն ավարտվեց իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների զանգվածային ծեծկռտուքով։

Գևորգ Պապոյանը հիշեցրեց նախորդ գումարման խորհրդարանում տեղի ունեցած նմանատիպ մեկ այլ միջադեպ, որի ժամանակ աչքի ընկավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնունդ» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։ Այդ ծեծկռտուքից որոշ ժամանակ անց վերջինս իր կուսակցության մի քանի այլ պատգամավորի հետ մանդատը վայր դրեց։ Մանդատը վայր չդրեց միայն Աննա Գրիգորյանը, որն այժմ նույն խմբակցության ղեկավարն է։

«Նախորդ նման դեպքից հետո խորհրդարանում բաքսյորները կամ ուժեղ տղերքը վերածվել էին խելոք, գլուխները կախ՝ աշխատող պատգամավորների, չէին գալիս ԱԺ կամ մանդատը դրեցին ու գնացին։ Ենթադրում եմ, սրանից հետո էլ է այդպես լինելու, մի մասը պետք է մանդատը դնի ու գնա, մի մասը խելոք, գլուխը կախ՝ կաշխատի։ Մյուս մասն էլ իրեն բաքսյոր ու կարատեիստ չի համարի և ուղղակի ԱԺ չի գա: Եվ եթե ինչ-որ հարուստի տղայի թվում է, թե իրենք կարող են, և ամբողջ կյանքներն այդպես է եղել, ծեծ կերավ: Դա երևի իր կյանքում առաջին ծեծն է»,- ավելացրեց Գևորգ Պապոյանը։

Նախարարը պատացխանեց նաև գյուղացիական տնտեսություններին հարկման դաշտ բերելու, դեպի ԵՄ արտահանման, ՌԴ-ի հետ հարաբերությունների, նոր ատոմակայանի և Հայկական Երկաթուղու մասին հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։