Համերգն էլ չի թույլատրվել
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվող հունիսի 19-ին համերգը չի կայանա:
Դրան պետք է մասնակցեին հայտնի կատարողներ: Քաղաքապետարանի կողմից դրա անցկացումը աննպատակահարմար է համարվել:
«Սույն որոշումը չի դիմանում որևէ քննադատության, քանի որ հիմք է ընդունվել ոչ թե որևէ օրենք կամ օրենսդրական ակտ, այլ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Մ. Ադոյանի 22.04.2010թ. հ. 8 գրությունը, համաձայն որի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվող մասսայական միջոցառումները խանգարում են կինոթատրոնի բնականոն աշխատանքը:
Մենք միանշանակ տեսնում ենք քաղաքական պատվեր, քանի որ ս.թ. հունիսի 18-ին քաղաքապետարանում մեր կողմից ներկայացված դիմումի քննարկման ժամանակ խոչընդոտ էր հանդիսացել ոչ թե «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության խնդիրը, այլ սանմաքրման աշխատանքները համերգից հետո իրականացնելու հարցը: Հարկ ենք համարում նաև նշել, որ օրենքի համաձայն, նույնիսկ այս հարցով քաղաքապետարանի կողմից չէր կարող մերժում լինել»,-ասված է խմբի հայտարարության մեջ: