Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ես Ռուսաստանին կասեմ, դուք Շուշին տվեցիք Ադրբեջանին, որ նա մտնի ԵԱՏՄ․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

«Իգոր Պապովը ոչ թե հակասում է Նիկոլ Փաշինյանին, այլ Վլադիմիր Պուտինին ու Սերգեյ Լավրորվին։ Պուտինն ու Լավրովն ասում էին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց չկա։ Կարծում եմ, Պոպովին շուտով գործից կհանեն»,- «Ա1+»,-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետն այդպիսով անդրադարձավ Մինսկի խմբում ռուս համանախագահ Իգոր Պոպովի երեկվա այն հայտարարությանը, թե վերջին տարիներին ԼՂՀ հակամարտության կարգավորման առաջարկները նախատեսել են կարգավիճակի վերջնանպատակը։ Ի․Պոպովն էլ իր հերթին պատասխանել էր Ն․Փաշինյանի այն հայտարարությանը, թե ռուսական առաջարկները շրջանցում էին ԼՂ կարգավիճակին վերաբերող հարցը։

Այնուամենայնիվ Ս․Գրիգորյանը գտնում է, որ Ի․Պոպովը բոլորովին էլ պատահական չէ նման հայտարարություն արել։ Այդպիսով, ՌԴ իշխանությունները ցանկացել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ ԼՂ կարգավիճակի բացակայության մեղքը բարդել Ն․Փաշինյանի վրա։

Անդրադառնալով արդեն հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված հայտարարությանն ու տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ քաղաքագետը գտնում է, որ դա անհրաժեշտ է հատկապես ՌԴ-ին։

«Որ Վրաստանի դերը թուլանա։ Վրաստանը հիմա դոմինանտ է, Թուրքիան դեպի Ադրբեջան իր բեռները Վրաստանով է տանում, Ադրբեջանը՝ նույնպես։ Երբ ՌԴ-ն ուզում էր բացել Աբխազիայի երկաթգիծը, Վրաստանը մերժեց։ Հիմա ասում է, Հայաստան կմտնեմ Ադրբեջանով»,- հավելում է Ս․Գրիգորյանը։

Վերջինս համոզված է, որ հնարավոր է նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ կետերի դեպքում ձեռք բերել շահեկան վիճակ․

«Ակնհայտ է, որ ՌԴ-ն լուրջ սպասելիք ունի, որ Ադրբեջանը կհամաձայնի ԵԱՏՄ մտնել, որ վերցնի նրա տնտեսական լծակները։ Պետք է 2-3 ամիս սպասել։ Եթե չմտնեն, ես ՌԴ-ին կասեմ, դուք Շուշին տվեցիք Ադրբեջանին, որ նա մտնի ԵԱՏՄ, բայց չի մտնում։ Վերադարձրեք մեզ Շուշին»։

Ս․Գրիգորյանը նաև նկատում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախյան պատերազմի արդյունքում շատ բան ստացավ ու ինքն իրեն կորցրեց։

«Ալիևի համար մահացու սխալ էր Պուտինի հետ հավասարը հավասարի պես խոսելը, բայց նրան տեղը դրեցին ու ասեցին, մենք ենք օրակարգը ձևավորում։ Օրակարգում կլինեն միայն տրանսպորտային հարցերը»,- եզրափակեց քաղաքագետը։

 

Մանրամասները՝  տեսանյութում