Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և անդամ պետությունների դեսպաններին
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության և անդամ պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ արձանագրված ձեռքբերումները և հետագա առաջնահերթությունները։ Գոհունակությամբ ընդգծվել է ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունների կնքումը, դրանց իրականացման ուղղությամբ համատեղ տարվող ջանքերը:
Հայաստանում ԵՄ երկու առաքելությունների գործունեության արդյունավետ շարունակություն, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում համագործակցության հետագա հնարավորություններ, ժողովրդավարական դիմակայունության ու հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կարողությունների ամրապնդում, «Աճ և դիմակայունություն» ծրագրի հետևողական իրականացում, վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում դինամիկ առաջընթաց և այլ ուղղություններ. հանդիպմանը քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ձևավորված լայն օրակարգը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ ու թվային հաղորդակցությունների ցանցի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս համատեքստում կարևորվել է ԹՐԻՓՓ ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ կապակցվածության գործընկերությունը։
Անդրադարձ է կատարվել առևտրի դիվերսիֆիկացման, Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը, այդ թվում՝ հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ-ի կողմից տրամադրված ժամանակավոր ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը, արտահանման առկա դրական շարժին, առաջիկա անելիքներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում ՀՀ մոտեցումները: