«Սերյան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը ինչ բիզնես միջոցներով է կառուցվել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ապրիլյան քննիչ հանձնաժողովի 97 էջից բաղկացած զեկույցը ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ կանոնակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, քանի որ իրավիճակով պայմանավորված՝ որոշակի ժամանակային սահմանափակումներ խախտվել են․
«Ես հիմա էլ կարծում եմ, որ այդ զեկույցը շատ կարևոր է, որ ուսումնասիրվի, նաև եթե այս պատերազմը չլիներ, լավ կլիներ, որ բոլորը տեղյակ լինեին՝ ինչ թերությունների մասին է խոսքը, և այդ թերությունները շտկվեին»։
Ինչ վերաբերում է նոր պատերազմին, Քոչարյանն առաջարկում է դեռևս չքննարկել այս պատերազմը․ «Հիմա տարբեր առաջարկներ կան խորհրդարանից դուրս հանձնաժողով ստեղծելու, նույնիսկ փաստահավաք խմբի մասին է խոսվում, ես ասում եմ, որ դա բերելու է քաղաքականացման, իսկ չքաղաքականացման լավագույն տարբերակը ինչ-որ կերպ դադար վերցնելն է և դավաճաններ չփնտրելը, որովհետև միայն հանդարտ միջավայրում և համապատասխան շահագրգռվածություն ունեցող կառույցը պետք է շահագրգռված լինի ուսումնասիրություն իրականացնել»։
Քոչարյանը պնդում է՝ հազարավոր զոհերի գնով այս պատերազմը մեզ սթափեցնող դեր ունեցավ․ «Երևանում այնպիսի տպավորություն է, որ չկա գիտակցում, թե մենք հակառակորդի կողմից ստացել ենք սանձազերծված պատերազմ և պատերազմի արդյունքում կրել ենք պարտություն։ Լավ կլիներ, որ 94 թվականի զինադադարից հետո մեր կեցվածքը լիներ այնպես, որ մենք չմաշեինք մեր ձեռքբերումները, այլ անընդհատ ավելացնեինք»։
Քոչարյանը հորդորեց դավաճաններ չփնտրել, բայց միևնույն ժամանակ անդրադարձավ պնդումներին, թե այս իշխանությունը բանակի զինվորականներին վարկաբեկման գործընթաց է սկսել, խոսեց զինվորականների մասին, ովքեր, ըստ իրեն, թաթախված են եղել կոռուպցիայի մեջ․
«Այսինքն՝ մենք չասեի՞նք, որ կա կոռուպցիայի մեջ թաթախված զինվորական, ով առաջին պատերազմի ընթացքում կերտել է հերոսապատում և հետագայում այդ հերոսապատման արդյունքը մաշեցրել է իր առանձնատների միջոցով, ամեն մի քարի մեջ մի զինվորի արյուն է, թող դրա մասին մտածեն 14 գեներալները։ Առաջին համարից մինչև 14-ը կարող եք բոլորի առանձնատներով ման գալ և կտեսնեք բիզնես, տներ, որոնց ձեռքբերման միջոցների պատասխանը ոչ մեկ չի կարող տալ, Սերյան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը ինչ բիզնես միջոցներով է կառուցվել»,-ասաց Քոչարյանը։