Տարածաշրջանն ապաշրջափակվում Է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի համար առավել ձեռնտու է Թուրքիայի հետ ճանապարհների բացումը, քան Ադրբեջանի, «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում նշեցին գրեթե բոլոր բանախոսները:
« Թուրքիան մեզ համար կարող է այլընտրանք լինել դեպի արևմուտք, բայց ոչ դեպի Ռուսաստան: Դրա համար, ես առավել կարևորում եմ Թուրքիայի հետ կապը, որ արտահանվող հայկական արտադրանքը կարողանա բացի ԵԱՏՄ շուկայից գոնե ինքնարժեքի մի փոքր ավելի բարելավմամբ մուտք գործել այլ շուկաներ», - ասաց «Սպիննակեր Գրուպ» ՍՊԸ համահիմնադիր Նորայր Գևորգյանը։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով` ապաշրջափակումից հետո սպասվելիք այն տնտեսական հնարավորությունները, որոնց մասին խոսվում է, իրականում շատ համեստ են: Եվ շատ ավելի մեծ ու անհաղթարահելի են առկա քաղաքական ռիսկերը:
Այսինքն, թուրքական և ադրբեջանական շուկաները մեզ համար վստահելի լինել չեն կարող, քանի որ ցանկացած պահի` քաղաքական իրավիճակներով պայմանավորված, նրանք կարող են փակել մեզ համար մուտքը դեպի այդ շուկաներ:
Եթե խոսքը գնում է այն հարցի շուրջ, թե արդյո՞ք մեր տնտեսությունը պատրաստ է Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի, ապա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով` մեզ մոտ այդ ազդեցությունն արդեն վաղուց առկա է.
«Մեր շուկան ուսումնասիրելով` հատկապես լայն սպառման ապրանքների տեսակն ու ծագումը, կհամոզվենք, որ այդ էքսպանսիան արդեն տեղի է ունեցել: Եվ դա միայն հայկական ֆենոմենը չէ: Աշխարհի շատ երկրներում թուրքական ապրանքները դոմինանտ են դարձել: Փակ սահմանները դրան ոչ մի կերպ, միևնույն է, չեն խոչընդոտում», - ասաց նա:
Ապաշրջափակումից հետո, ինչպես նշեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, այստեղ լինելու է փոփոխություն այն առումով, որ թուրքական արտահանողները ավելի քիչ են վճարելու վրացական արտահանողներին` ապրանքները ներմուծելով Հայաստան: Թուրքական ապրանքները դրա հետևանքով հայկական շուկայում ավելի էժանանալու են, որի արդյունքում, այո, որոշակի էքսպանսիա կլինի, բայց դրա մեծությունը այնքան չի լինի, որքան որ արդեն կա:
Բանակցային շրջանակում Հայաստանի համար ամենամեծ ռիսկը, ըստ Տիգրան Ջրբաշյանի, այն է, որ Նախիջևանի տարածքը կապվի Թուրքիայի հետ առանց Հայաստանի: Քանի որ, եթե մենք տալիս ենք Մեղրիի ճանապարհը Թուրքիային, և միաժամանակ այդ ապրանքաշրջանառությունը չի գալիս և գնում Հայաստանի տարածքով` չի աշխատում Երասխից մինչև Գյումրի ճանապարհը, օգուտներ ստանալու մեր շանսերը շատ ավելի քիչ են: