«Ռոբերտ Քոչարյանը երբ նախագահ էր, էդ ժամանակ էլ չէր կարողացել ընտրությունները կրի»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք, լինելով իշխանություն, չենք կարող քաղաքական դաշտում ընկնել, բոլորին համոզել, որ եկեք գնանք ընտրությունների։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Մենք առաջարկը արել ենք, ընդդիմությունը չի արձագանքում, ընդդիմությունն ինչ-որ տարբեր իրարամերժ բաներից է խոսում, ինքն իրեն հակասում, մինչդեռ մարդիկ մեզ ասում են՝ ձեզ ընտրել ենք, գնացեք, աշխատեք, հետո պարզ կլինի»,-պնդում է Սիմոնյանը և հավելում, որ ընտրություններ անում են հանրության համար, իսկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ներկայացնում են հանրությանը․
«Մարդիկ ասում են թավիշը վերացրեք, մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքը գործի խստագույնս, թավիշ չի լինելու այլևս։ Մարդիկ ասում են թավիշը վերացրեք, երկիրը կարգի բերեք, մենք ձեզ ընտրել ենք, հիմա գնանք, ասենք մի հատ էլ տներից դուրս եկեք, գնացեք մեզ ընտրե՞ք»։
«Ա1⁺»-ի դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է՝ թող վարչապետը հրաժարական տա, երկու անգամ վարչապետ չընտրվի և գնան արտահերթ ընտրությունների, ո՞րն է մտավախությունը, Սիմոնյանն արձագանքեց․
««Իմ քայլը» խմբակցությունում վարչապետի հրաժարականի հարց կանգնած չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշի, որ վարչապետը պետք է հրաժարական տա»։
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե իշխանությունը վախեցավ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն մտնելուց և հրաժարվեց արտահերթ ընտրությունների գաղափարից, Սիմոնյանը նախ հեգնեց, թե շատ, ահավոր վախեցած են, ապա հավելեց․
«Ռոբերտ Քոչարյանը, երբ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, էդ ժամանակ էլ չէր կարողացել ընտրությունները կրի»։
Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմությունը չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև գիտի, որ կամ նույն պատկերն է լինելու, կամ չի բացառվում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը կարող է պառլամենտում չհայտնվել։
Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի պարիտետային հանձանժողով ստեղծելու ԼՀԿ-ի առաջարկի վերաբերյալ, Սիմոնյանն ասում է՝ այս փուլում չենք կարող մեզ թույլ տալ այդ հանձնաժողովի ստեղծումը․
«Ունենք ռազմագերիների դեռևս չլուծված հարց, գործընթաց, որը դեռ ավարտված չէ, ես մտավախություն ունեմ, որ դա շահարկումների առիթ կարող է դառնալ և նույն բանակցային գործընթացի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ, ինչպես նաև անցյալում եղել են դեպքեր, երբ ներքաղաքական դաշտի ինչ-որ գործիչներ հայտարարություններ են արել,որոնք բացասական ազդեցություն են ունեցել գործընթացի վրա»։
Այնուամենայնիվ՝ Սիմոնյանն ասում է՝ պատերազմի հետ կապված բոլոր հարցերը պետք է ստանան պատասխաններ և դա բխում է հենց իշխանության շահերից։