«Լինելու է յուրօրինակ հարթակ թե՛ սփյուռքյան, թե՛ ներհայաստանյան շրջանակների համար»․ վերագործարկվեց «Հայերն այսօր» կայքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն ու սփյուռքն այսօր արդեն կարող են միմյանց հետ խոսել, տեսնել իրար, կարդալ միմյանց մասին մեկ հարթակում։ Տեղի ունեցավ «Հայերն այսօր» կայքի շնորհանդեսը։ Կայքը նոր բովանդակությամբ, տեխնիկական նոր լուծումներով վերագործարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժինը։
Կայքն ընթերոցողին կներկայացնի Հայաստանն ու սփյուռքը մեկ հարթության մեջ։ Հարթակում կներկայացվեն նորություններ, վերլուծություններ, էքսկլյուզիվ պատմություններ, ինչպես նաև կներկայացվեն Հայաստանի հնարավորություններն ու թաքնված անկյունները։
Շնորհանդեսին մասնակցում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, ով նշեց՝ դեռ 2018-ին, երբ նշանակվեց Սփյուռքի նախարարի պաշտոնում, առաջին հարցը եղել է ոչ միայն կայքի պահպանումը, այլ նաև վերափաթեթավորումը․
«Սա լինելու է յուրօրինակ հարթակ թե՛ սփյուռքյան, թե՛ ներհայաստանյան շրջանակների համար»,-ընդգծեց Հայրապետյանը՝ հավելելով, որ այս հարթակը նպաստելու է Հայաստան-Սփյուռք կապի՝ էլ ավելի ամրապնդմանը։
Սփյուռքի գործերի գլխավոր Հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ ընդգծեց՝ սփյուռքի դերն այսօր շատ ավելի կարևոր է, քան երբեք, ուստի շատ կարևոր է, որ կապն ամուր լինի․
««Հայերն այսօր»-ը շատ կարևոր առաքելություն ունի Հայաստան-սփյուռք հարաբերությունների առողջացման, ամրապնդման և երկարատևության ապահովման գործում»,-ընդգծեց Սինանյանը։